Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի միանշանակ պնդումը, թե հայտարարագրման համակարգը «հակաժողովրդավարական, ավտորիտար համակարգ է», ճիշտ չէ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունվար 25,2025 09:30

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, YouTube-ի իր ալիքում անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմային, նշել է, թե այդ համակարգը հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին:

Ըստ Մարուքյանի, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանությունների կողմից մարդկանց անձնական կյանքը հսկելու միջոց է։ «Էս իշխանությունը հիմա էլ ուզում է հարյուրհազարավոր մարդկանց նամակները կարդա, ֆինանսական շարժերը իմանա, ով ում փող փոխանցեց, ով ում հեռախոսի վարձերը տվեց։ Պետությունը լծակներ կիրառելու է բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց դեմ կխոսեն։ Ավտորիտար, հակաժողովրդավարական համակարգ է»,— հայտարարել է նախկին պաշտոնյան։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարբեր երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգերը և պարզել, որ այն ժողովրդավարական երկրներում առավելապես գործածվում է որպես սոցիալական և տնտեսական արդարության ապահովման մեխանիզմ։

Մասնավորապես, ժողովրդավարական երկրներում հայտարարագրումը սովորաբար իրականացվում է հարկային արդարության ապահովման համար, այսինքն՝ բոլոր քաղաքացիների եկամուտները հաշվառվում են հարկային պարտավորությունները ճշգրիտ որոշելու համար։ Նույնիսկ կան երկրներ, որտեղ քաղաքացիների որոշ հարկային տվյալներ հանրային են։ Օրինակ՝ Նորվեգիայում արդեն 200 տարի է մարդիկ կարող են տեղեկանալ, թե ինչքան են վաստակում իրենց համաքաղաքացիները ու ինչքան հարկ են վճարում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Անխուսափելի են մահը և հարկերը»․ ԱՄՆ հարկային համակարգի մասին Բենջամին Ֆրանկլինի այս խոսքերը թևավոր են դարձել․ այս երկրում հարկերի վճարմանը և, ընդհանրապես, հայտարարագրման ինստիտուտին լուրջ են վերաբերվում, քանի որ դրանից խուսափելը ընդհուպ մինչև քրեական պատժի կարող է հանգեցնել։ ԱՄՆ հարկային համակարգը հիմնված է ինքնահարկավորման սկզբունքի վրա, որը պահանջում է ԱՄՆ հարկատուներից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) լրացնել և ներկայացնել տարեկան հարկային հայտարարագիր՝ ցույց տալով իրենց տարեկան եկամուտները:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում գույքը հայտարարագրելու կարիք չկա, քանի որ ԱՄՆ հարկային մարմիններն ունեն այդ տեղեկատվությունը։

Համընդհանուր հայտարարագրման շրջանակներում ամերիկացի հարկ վճարողը Ներքին եկամուտների ծառայությանը (IRS) ներկայացնում է երեք հարկային ձևերից մեկը՝ 1040, 1040A կամ 1040EZ: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է մանրամասն հրահանգներ, թե ինչպես լրացնել այն: Ցանկացած հարկային ձևաթուղթ լրացնելու գործընթացը սկսվում է բոլոր մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկված փոստային կպչուն պիտակի վրա պարունակվող տեղեկատվության ճշգրտության ստուգմամբ: Այս պիտակի վրա նշված են լրացնողի անունը, հասցեն և սոցիալական ապահովության համարը: Եթե ​ տեղեկատվությունը ճիշտ է, ապա այն պետք է օգտագործվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին ուղարկելիս: Ի դեպ, ԱՄՆ-ում քաղաքացիները հատուկ հաշվապահ (accountant/CPA) են վարձում, որպեսզի նա լրացնի իրենց հայտարարագիրը։

ԱՄՆ այն քաղաքացիները կամ մշտական ​​բնակիչները, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն:

Ֆրանսիա

Ֆրանսիայում իրենց եկամուտները պետք է հայտարարագրեն նաև ֆիզիկական անձինք՝ և՛ քաղաքացիները, և՛ օտարերկրացիները, եթե եկամուտ են ստանում Ֆրանսիայում (PIT/Personal income tax): Ֆրանսիայում բնակություն չունեցող ֆիզիկական անձինք (ոչ ռեզիդենտներ) ենթակա են հարկման միայն Ֆրանսիայում ծագած իրենց եկամուտների կամ, որոշ դեպքերում, վերագրվող եկամուտների համար:

Եկամտի յուրաքանչյուր կատեգորիա միավորվում է և նպաստները հանելուց հետո հարկվում է պրոգրեսիվ դրույքաչափերով: Ընդհանուր եկամուտը բաշխվում է ըստ ընտանիքի կարգավիճակի (այսինքն՝ «որքան շատ երեխաներ ունենաս, այնքան քիչ հարկ ես վճարում»): Եկամուտների բաշխման կանոնների համաձայն՝ ընդհանուր հարկվող եկամուտը բաժանվում է հարկ վճարողին տրված բաժնետոմսերի քանակի վրա՝ մեկ բաժնետոմս միայնակ անձի համար, երկու բաժնետոմս ամուսնացած հարկ վճարողի համար՝ առանց երեխաներ, կես բաժնետոմս՝ առաջին երկու խնամյալ երեխաների համար, և մեկ ամբողջական բաժնետոմս երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Այսպիսով, երեք երեխա ունեցող ամուսնացած հարկատուի եկամուտը բաժանվում է չորսի։

Այնուամենայնիվ, եկամտի բաշխումից խնայված հարկը սահմանափակ է` կախված հարկային տնտեսության զուտ հարկվող եկամտից: Թվերը տարբեր են ամուսնացած և միայնակ կամ ամուսնալուծված, բայց երեխա խնամող հարկատուների համար:

Ռուսաստան

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելը (3 — НДФЛ) Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Պաշտոնական աշխատավարձ ստանալու դեպքում հարկը ինքնաբերաբար հանվում է, և պետք չէ հայտարարագրում նշել այդ եկամուտը։ Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք բաժանվում են երկու խմբի. անձինք, որոնք Ռուսաստանի Դաշնության հարկային ռեզիդենտներ են (փաստացի գտնվում են Ռուսաստանի տարածքում առնվազն 183 օրացուցային օրվա ընթացքում 12 իրար հաջորդող ամիսների ընթացքում); անձինք, որոնք Ռուսաստանի Դաշնության հարկային ռեզիդենտ չեն՝ Ռուսաստանի տարածքում եկամուտ ստանալու դեպքում.

Հայտարարագիրը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները ստանալուց հետո:

Ինչ եկամուտներ են հայտարարագրում ինքնուրույն

— եկամուտ անշարժ գույքի վաճառքից,

— ոչ մերձավոր ազգականների կողմից նվիրաբերված գույք՝ մեքենա, բնակարան, արժեթղթեր,

— հարկային գործակալ չհանդիսացող մեկ այլ անձի կամ կազմակերպությանը մատուցած ծառայություններից եկամուտ,

— շահումներ վիճակախաղերից, մոլախաղերից,

— եկամուտ օտարերկրյա աղբյուրներից, ներառյալ օտարերկրյա արժեթղթերից,

— ինքնազբաղվածների և մասնավոր պրակտիկայով զբաղվող անձանց եկամուտները, ինչպիսիք են փաստաբանները կամ նոտարները:

Ինչը չի հարկվում

— վաճառված անշարժ գույքից ստացված եկամուտը (բնակարան, տուն, հող և այլն) ոչ ավելի, քան 1 միլիոն ռուբլի,

— այլ անշարժ գույքի (ամառանոց, ավտոտնակ, ավտոկայանատեղի) վաճառքից եկամուտ ոչ ավելի, քան 250 հազար ռուբլի,

— եթե վաճառված գույքը, մեքենան կամ մոտոցիկլետը առնվազն 3 տարի սեփականություն էր, և վաճառքից ստացված եկամուտը չի գերազանցում 250 հազար ռուբլին,

— եկամուտ, որից կազմակերպությունը չի պահել անձնական եկամտահարկը, օրինակ՝ աշխատավարձը:

Գերմանիա

Գերմանիայում անձը եկամուտների հայտարարագիր է ներկայացնում, եթե բնակվում է Գերմանիայում կամ սովորաբար մնում է Գերմանիայում ավելի քան վեց ամիս (183 օր) օրացուցային տարվա ընթացքում: Հարկային պարտավորությունը վերաբերում է ընդհանուր եկամտին: Դա նշանակում է եկամուտ տարբեր տեսակի աղբյուրներից (օրինակ՝ աշխատավարձից, թոշակներից և վարձակալությունից ստացված եկամուտներից): Դա նաև եկամուտն է, որը վաստակում են Գերմանիայի ներսում և դրսում (համաշխարհային եկամուտ):

Եթե անձը աշխատող է, եկամուտը հիմնականում աշխատավարձն է: Եկամտահարկը ավտոմատ կերպով պահվում է աշխատավարձից: Գործատուն վճարում է նաև անձի պարտադիր սոցիալական ապահովության վճարները (գործազրկության նպաստներ, բժշկական օգնություն, երկարաժամկետ խնամք, կենսաթոշակային ապահովագրություն և դժբախտ պատահարներից ապահովագրություն):

Եկամտահարկի չափը կախված է անձի տարեկան եկամտի չափից: Գերմանիայում ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային հայտարարագիր ներկայացնել, եթե նրանց եկամուտը գերազանցում է որոշակի հարկերից ազատված գումարը (Գերմանիայում 2024 թվականին. այս գումարը կազմում էր տարեկան 11,604 եվրո միայնակ քաղաքացիների համար, իսկ ամուսնացած զույգերի համար, որոնք համատեղ հարկային հայտարարագիր են ներկայացնում, այս գումարը կազմում էր 23,208 եվրո:

Վարձու աշխատող ֆիզիկական անձանց համար եկամտահարկը պահվում է ամեն ամիս աշխատանքի վայրում: Եվ միայն այն դեպքում, եթե աշխատողն ունի ամսական 538 եվրոն գերազանցող լրացուցիչ եկամուտ, նա պարտավոր է ներկայացնել հայտարարագիր։

Այսպիսով, եվրոպական ավանդական ժողովրդավարական երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը գործում է տարիներ շարունակ և համարվում է հարկային թափանցիկության և հարկման արդարության միջոց, հետևաբար Էդմոն Մարուքյանի միանշանակ պնդումը, թե դա «հակաժողովրդավարական, ավտորիտար համակարգ է», ճիշտ չէ։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031