Աշխարհում այս օրերին շատ զարմանալի բաներ են կատարվում, այնպես որ, տեղի ունեցող ցանկացած նոր իրադարձություն արդեն չի զարմացնում մարդկությանը, քանզի աշխարհի նորմալ կառավարումը լրիվ խախտվել է, կորցրել է իր կայունությունն ու համակարգայնությունը, շուրջն ամենուր քաոսային իրավիճակ է եւ օրեր առաջ տեղի ունեցավ անսպասելին՝ պայթեց աշխարհում եղանակ ստեղծող երկրներից մեկը՝ Սիրիան, որը զարմացրեց ողջ աշխարհին …
Իհարկե, այդ պայթյունն արտաքուստ շատ անսպասելի էր, սակայն դա տարիներով՝ օր օրի, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ ընդդիմության կողմից նրբորեն իրականացված ռազմավարությունն էր, որի դեմ Սիրիայի գործող իշխանության կողմից չձեռնարկված քայլերը զարմացրին անգամ հենց նույն հեղափոխական ուժերին ու աշխարհի հզորներին: Ամեն դեպքում, տեղի ունեցածը սենսացիոն իրադարձություն էր եւ արժե վերլուծության ենթարկել ու վեր հանել դրա պատճառները եւ նաեւ, թե ինչո՞ւ գործող իշխանությունը չօգտագործեց իր ձեռքի տակ եղած ահռելի պետական միջոցները՝ կանխելու տեղի ունեցողը: Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ նման հզոր երկրի պարալիզացումը եւ այն վերածել դժոխային մոխրակույտի, որից առավելապես օգտվեցին Իսրայելը եւ Թուրքիան: Երկուսն էլ լրջորեն տրամադրված են իրար մեջ բաժան-բաժան անել Սիրիան, որի պատճառով արդեն լրջորեն հասունանում է անասելի մի նոր կոնֆլիկտ, որից անգամ նրանց միջեւ պատերազմի հոտ է գալիս … Այնպես չէր, որ Սիրիայի իշխանությունները տեղեկատվություն չէին ստանում պատրաստվող հեղաշրջման մասին, որն էլ ավելի է զարմանալի դարձնում նրանց անհասկանալի անգործությունը, որը շարունակվեց մինչեւ հեղաշրջման վերջին պահը, որից հետո, Ասադը՝ բնական է Պուտինի հետ պայմանավորվածությամբ, փախավ Մոսկվա եւ ստացավ պայմանավորված ապաստանը: Միեւնույն է, լիովին անհասկանալի է, որ Ասադը ունենալով սարսափելի մեծ ուժեր եւ բազում այլ հնարավորություններ, քայլ անգամ չփորձեց հեղաշրջման դեմն առնելու համար, որը տպավորություն է ստեղծում, որ նա այդքան փորձառու լինելով, հաշվարկեց եւ տեսավ, որ ոչինչ անել՝ հեղաշրջման դեմն առնել, ուղղակի անհնարին է … Իհարկե, հեղաշրջման հարցում մեծ դեր խաղաց նաեւ Ասադի դիկտատորական ռեժիմի՝ երկարաժամկետ առկայությունը Սիրիայում, որը երկար տարիներ ու հաստատուն կերպով գործում էր այնտեղ: Ասադին ձեռնտու էր այդ ռեժիմը, քանի որ միանձնյա հսկողության տակ էր պահում երկիրը, քանզի իրեն թվում էր, որ դա կարող է շատ երկար տեւել: Նա շատ վստահ էր այդ հարցում եւ փոխանակ նայելու շուրջն ընթացող փոփոխություններին, չէր փորձում իր երկրում էլ որոշակի փոփոխություններ իրականացնել, որպեսզի փոքր-ինչ թեթեւացնի դիկտատորական ռեժիմի սրությունը, որպեսզի որոշակիորեն մեղմեր ժողովրդի լարվածությունը դիկտատորական ռեժիմի հանդեպ, որին դրական արձագանքով կվերաբերվեր ժողովուրդը եւ բավականաչափ կթուլացներ նրա լարվածությունն այդ ռեժիմի նկատմամբ: Նա պետք է փորձեր որոշակի դեմոկրատական փոփոխություններ իրականացնել երկրում, ցույց տալով, որ աստիճանաբար հեռանում է միանձնյա դիկտատորական կառավարումից եւ սկսում է տեղ տալ ժողովրդի մասնակցությանը երկրի կառավարմանը: Սա հենց կլիներ այն, որն աստիճանաբար կթուլացներ ժողովրդի տրամադրվածությունը Ասադի ռեժիմի տապալման ուղղությամբ: Ահա հենց այս պատճառով էր նաեւ, որ ժողովրդի ցասումն աստիճանաբար մեծացավ, կողքից էլ միացան Սիրիայի իշխանություններին դեմ ուժերը եւ համատեղ՝ շատ արագ տապալեցին գործող ռեժիմը …
Հավանական է, որ այդ ամենի ետեւում կանգնած էր լրջորեն տրամադրված ԱՄՆ-ն, որի դեմ կարող էր պաշտպանվելու փորձեր անել միմիայն Ռուսաստանի, Իրանի կամ նրանց միասնական օգնության պարագայում, որին՝ ելնելով նրանց համար այդ իրավիճակում ոչ ձեռնտու, ոչ հարմար ու աննպաստ իրավիճակից, հավանաբար երկուսն էլ չեն համաձայնել Ասադի առաջարկությանը, իսկ նա միայնակ ունակ չէր դա անել, որի պատճառով էլ հավանաբար, այլընտրանք չունենալով, ընտրեց այդ ճանապարհը: Ռուսաստանի իրավիճակը միանգամայն հասկանալի էր, քանզի հատուկ ռազմական օպերացիայի պատճառով նա մեծ պատերազմի մեջ էր, իսկ Իրանը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, կարելի է ասել նաեւ Թուրքիայի հետ գտնվում էր պատերազմականին մոտ լարված իրավիճակում, որի համար նրան եւս շատ դժվար էր կտրվել դրանցից եւ մեծ ուժեր հատկացնելով, փորձեր օգնել Սիրիային: Ամեն դեպքում, այն ամենը, ինչով այդ երկու երկրները տասնամյակներով ձեռք էին բռնել՝ լրջորեն օգնել էին Սիրիային, հօդս ցնդեցին եւ Սիրիան փաստացի դարձավ որբ: Կարծում եմ, այս ամենին զուգահեռ, Ռուսաստանի եւ Իրանի կողմից՝ նաեւ իրադարձությունների հանկարծակի՝ անսպասելիության պատճառով, նրանք սխալ մարտավարություն ձեռնարկեցին, որի պատճառով նրանք ձեռքերը լվացին կատարվողին մասնակցելու ու միջամտելու կոնկրետ գործողություններից:
Իշխանափոխությունը Սիրիայում եւ այնտեղ ստեղծված խառնաշփոթային իրավիճակը մի քանի իմաստով հարվածեց նաեւ Հայաստանին, քանի որ չափազանց տխուր վիճակում է հայտնվել այնտեղ ապրող հայությունը, որն իրավիճակի հետագա՝ կտրուկ սրացման դեպքում, կարող է պարտադրված լքել Սիրիան, որից հետո այն միակ հնարավորությունն ունի՝ տեղափոխվել մայր Հայաստան: Երկրորդ վտանգն այն է, որ Թուրքիան չափազանց ոգեւորված Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից՝ իր մեծ հաջողությունների ոգեւորությունից, կարող է էլ ավելի մեծ ճնշումներ կիրառել Հայաստանի նկատմամբ, որն առանց այն էլ հայտնվել է չափազանց խոցելի իրավիճակում եւ պահանջել ավելի մեծ զիջումներ, որին հստակորեն ոչ մի կերպ չի դիմակայելու Հայաստանի իշխանությունը՝ ավելի վատացնելով Հայաստանում առկա կատաստրոֆիկ իրավիճակը …
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2025