«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
– Տիկին Քարամյան, արցախցիները, մասնավորապես, արցախյան ՀԿ-ները տեւական ժամանակ է՝ փորձում են միավորվել ու պայքարել իրենց կոլեկտիվ իրավունքների համար։ Դուք ի՞նչ եք նկատում՝ ստացվո՞ւմ է, ինչո՞ւ են մարդիկ պասիվ։
– Երեւի հիշում եք, որ դեռ 2020 թվականին տեղահանված Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի ՀԿ-ները ձգտում էին ստեղծել մի հարթակ, որպեսզի միասնական ջանքերով առաջ քաշեն փախստական դարձած մարդկանց խնդիրները: Ցավոք, դա չհաջողվեց, քանի որ տարբեր էին կազմակերպությունների հայացքները եւ գործելաոճը: Շատերին թվում էր, որ առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները, բնակապահովման եւ աշխատանքի տեղավորման հարցերը:
2023 թվականի Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանությունից հետո ի հայտ եկան բազմաթիվ քաղաքական եւ իրավական խնդիրներ: Հիմնականում դրանք կապված էին բռնի տեղահանված բնակիչների անձնագրերի, այլ փաստաթղթերի եւ ընդհանրապես մեր կարգավիճակի հետ: Եվ նորից ՀԿ-ները չկարողացան գալ ընդհանուր հայտարարի ու գործել միասին: Իրավա-քաղաքական խնդիրները այդպես էլ չեն գտնում իրենց ուրույն տեղը արցախցիների պայքարում, եւ նորից առաջին պլան են մղվում սոցիալ-տնտեսական խնդիրները: Իհարկե, չի կարելի նվազեցնել դրանց կարեւորությունը, քանի որ մարդկանց կեցության խնդիրները պահանջում են հիմա եւ այստեղ լուծումներ։ Սակայն, նորից եմ կրկնում, առաջնային պետք է լինի իրավունքների համար պայքարը, որը արձագանք չի գտնում շատերի մոտ:
Կարդացեք նաև
Երկրորդ խոչընդոտը դա ֆինանսական աջակցության բացակայությունն է: Իրավա-քաղաքական պայքարը պահանջում է մասնագետների՝ իրավաբանների, իրավապաշտպանների, միջազգային իրավունքի, տնտեսագետների ներգրավում, ինչը անհնարին է առանց ֆինանսական բաղադրիչի: Օտարերկրյա հիմնադրամներն ու դեսպանությունների տրամադրած գրանտային գումարները շատ դեպքերում հասու չեն արցախյան ՀԿ-ներին: Պատճառները տարբեր են: Հիմնականում դոնորները նախընտրում են աշխատել երկար տարիներ իրենց հետ աշխատող ու վստահություն ձեռք բերած միջազգային կազմակերպությունների հետ: Ոմանք Արցախի ՀԿ-ներին ենթադրամաշնորհներ են տրամադրում, սակայն այդ գումարները կամ շատ փոքր են լինում, կամ ընդհանրապես տրամադրվում են արվեստի, արհեստների, մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Մարդու իրավունքները պաշտպանելու համար ծրագրեր գրեթե չեն ֆինանսավորվում այն պատճառաբանությամբ, որ արտերկրի դեսպանատները չեն ուզում ֆինանսավորել ծրագրեր, որոնք իրենց համար խնդիրներ կստեղծեն Ադրբեջանի հետ:
Երրորդ՝ ոչ պակաս կարեւոր խնդիրը դա Արցախի բնակչության բեւեռացված վիճակն է, որը իրենց հետ եկել է Հայաստան: Մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայում էին իշխանական թեւերին՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ արցախյան, շարունակում են իրենց ծանոթ ոճով ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերին: Ամեն ինչ կորցրած մարդկանց հեշտ է «գրավել» տարբեր ինտրիգների համար: Օրինակը՝ Բագրատ Սրբազանի շարժումն է, որն ավելի է խորացրել ազգի տարբեր շերտերի պառակտումը:
Սրանք են այն պատճառները, որոնք հնարավորություն չեն տալիս ստեղծել այն քաղաքական մարմինը, որը պետք է ներկայացնի բոլոր արցախցիների շահերը:
– Այս փուլում ի՞նչ նպատակներ պետք է սահմանել, որ հարցերն են սկզբունքային, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
– Ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի իշխանությունները, որոնք, ըստ Սահմանադրության, պետք է հանդիսանան արցախցիների իրավունքների ներկայացման եւ իրավունքների պաշտպանության հիմնական դերակատարները, հրաժարվել են Արցախից, ճանաչելով այն Ադրբեջանի մաս: Հիմա էլ ներկայիս իշխանությունները վարում են մի կուրս, որով ընդհանրապես հրաժարվում են իրենց պարտականություններից: Իսկ կառավարության տարաբնույթ անիրական ծրագրերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Արցախ ու արցախցի բառերը ընդհանրապես դուրս գան շրջանառությունից, որ մարդիկ սովորեն ապրել առանց իրենց իրավունքների, լավագույն դեպքում ստանան Հայաստանի քաղաքացիություն, վատագույնը՝ արտագաղթեն:
Թող չթվա, որ Հայաստանի քաղաքացիություն վերցնելը արցախցիների համար հաճելի չէ: Սակայն դա իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ, եւ առաջին հերթին մենք զրկվում ենք մեր իրավունքների համար, մեր կորցրած ունեցվածքի, տների, գերեզմանների համար պայքարից: Էլ չեմ ասում, որ ներկա իշխանությունը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի պահանջով ուզում է հետ կանչել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք միջազգային ասպարեզում մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Ցավոք, դա կվնասի ոչ միայն մեզ՝ արցախցիներիս, այլ կխարխլի Հայոց պետականությունը եւ կօգնի մեր թշնամիներին ոչնչացնել այն:
Շատ քիչ, բայց կան արցախյան կազմակերպություններ, որոնք շարունակում են առաջ քաշել իրավա-քաղաքական խնդիրները, նամակներ են ուղղում տարբեր գերատեսչությունների: Ցավոք, դա բավարար չէ, այդ ամենով պետք է զբաղվի ՀՀ իշխանությունը, իսկ արցախցիները պատրաստ են աջակցել այդ հարցում: Ցավոք, նույնիսկ այդ կապն է բացակայում. մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանական թեւը ոչ միայն հանդիպում չի կազմակերպել ՀԿ-ների հետ, այլ նույնիսկ մեր նամակներն են մնում անպատասխան: Ու դա այն դեպքում, որ Արցախի բնակչության ցեղասպանության ու դեպորտացիայի խնդիրը կփրկի Հայաստանը Ադրբեջանի բոլոր ոտնձգություններից:
– Արցախի հարցը փակելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Այնինչ, արցախցիները նամակ էին հղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով նաեւ օգտագործել Մինսկի խմբի մանդատը։ Արարատ Միրզոյանը պատասխանե՞լ է արցախցիների նամակին, եւ ինչպե՞ս եք գնահատում Արցախի հարցը միջազգային ձեւաչափերից դուրս թողնելու այս գործողություններին, ինչի՞ կհանգեցնի դա։
– Ցավոք սրտի, մեր նամակը «կորել է» ԱԳՆ-ում: Պատասխանի պահանջով մեր կրկնակի նամակին պատասխանել են, որ նամակը ուղարկվել է ԵԱՀԿ, չնայած, որ այն ուղղված էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հետո պարզվեց, որ մեր նամակը «չի համապատասխանում» ԱԳՆ նամակներ հասցեագրելու կարգին եւ այլն: Այսինքն, այս անիմաստ փնտրտուքը ուշացել է 2,5 ամիս, եւ մեր նամակը կորցրել է իր արդիականությունը: Երեւի ստիպված ենք նոր նամակ գրել, արդեն այլ շեշտադրումներով:
Մի խոսքով, ՀՀ ներկա իշխանությունը չի ցանկանում զբաղվել արցախցիների իրավունքների պաշտպանությամբ: Մնացել են միայն սոցիալական կիսատ-պռատ ծրագրերը, որոնք ավելի շատ աբսուրդ ու ծաղր են։ Նշեմ, որ 40+10, այսինքն՝ բնակվարձի եւ կոմունալ վճարումների ծրագիրը կավարտվի մարտ ամսին եւ կշարունակվի ավելի քիչ գումարով հատուկ խմբերի համար, իսկ բնակապահովման ծրագիրը ուղղակի ծիծաղ է առաջացնում, եթե դա այդքան դառը չլիներ: Բավական է նայել այն բնակավայրերի ցուցակին, որտեղ արցախցիներին առաջարկում են բնակարան ձեռք բերել կամ առանձնատուն կառուցել, որպեսզի պարզ դառնա, որ դրանցից մեծամասնությունը այն բանկավայրերն են, որոնք ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին, այսպես կոչված, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի շրջանակում: Կարծում եմ, խոսքերն ավելորդ են:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2025