«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին:
Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:
Ինչո՞ւ մենք իննսունականներին հաղթեցինք առաջին արցախյան ազատամարտում: Որովհետեւ աստղերն արդեն այնպես էին դասավորվել, որ եկել էր մեր հաջողության պահը: Որովհետեւ ռուսներն օգնեցին մեզ եւ չպաշտպանեցին Ադրբեջանին: Որովհետեւ մեր գործն արդար էր, եւ Աստված մեր կողմից էր:
Նմանատիպ պատասխանների շարքն, իհարկե, կարելի է երկար շարունակել: Դրանցից յուրաքանչյուրը, որքան ճշմարտացի, իրական ու հավաստի է, նույնքան սխալ է, մտացածին եւ կեղծ: Մենք Առաջին արցախյան պատերազմում երբեք չէինք հաղթի, եթե նորաստեղծ երկրի բարձրագույն ղեկավարությունը հստակ ու անբեկանելի որոշում չկայացներ՝ ստեղծել Հայաստանի Երրորդ Հանրապետության զինված ուժերը: Սա, թերեւս, մեր այժմյան պետության ամենադժվար մարտահրավերն էր: Ինքնակազմակերպված, իրենց պատկերացրածի մակարդակում պաշտպանություն իրականացնող ֆիդայական ջոկատները, մեղմ ասած, մեծ խանդավառությամբ չէին ընդունում հրամանատար ունենալու գաղափարը: Սակայն դա դժվարության մի մասն էր միայն: Մեր երկրում առկա զինվորականության հիմնական մասը հուսալքված, բարոյալքված, ամեն կերպ տուն պահելու հրամայականի ազդեցությամբ կամ ակտիվորեն արտագաղթում էր, կամ հայտնվում սեղանիկների, տոնավաճառների ու տաքսիների անփառունակ տիրույթում: Հայկական զինված ուժերի կայացման համար հսկայական խթան դարձան ոչ այնքան վաղ անցյալում խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում լեգենդար օպերացիաների մասնակցած հայաստանցի մեծ ու փոքր հրամանատարները եւ, իհարկե, խորհրդային զինված ուժերում բարձրագույն գեներալական կոչումներ ու պաշտոններ զբաղեցնող մեր հայրենակիցները, որոնց Հայաստան գալն ու բանակաշինությամբ զբաղվելը ճակատագրական եղավ զինված ուժերի կայացման գործում: Ծայրահեղ մեծ դժվարությամբ ու հսկայական վտանգավոր աշխատանքի գնով միայն «Սարսափը պատեց օսմանյան զորքին»-ը աստիճանաբար դարձավ «Մեր սրերը միշտ ամուր են, հուր են … »:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ մենք աստիճանաբար սկսեցինք պարտվել մեր հաղթանակին հաջորդած գրեթե բոլոր առճակատումներում, եւ ի վերջո կորցրինք մեր հաղթանակը:
Որովհետեւ բախտը անարդար է մեր հանդեպ, եւ հերթական անգամ մեզ ծեծեցին ու սպանեցին: Որովհետեւ Ադրբեջանը նավթ ուներ, իսկ մենք ոչինչ չունենք: Որովհետեւ ռուսները գցեցին մեզ եւ չկատարեցին իրենց խոստումը: Որովհետեւ աշխարհը ոչ թե արդարին պաշտպանեց, այլ հարուստին:
Այս շարքը նույնպես կարելի է անվերջ շարունակել, եւ այս պատասխաններից յուրաքանչյուրը նույնպես ինչքան ճշմարտացի է ու իրական, նույնքան կեղծ է ու սխալ: Մենք երբեք չէինք պարտվի մեր ճակատամարտերում ու պայքարներում, եթե զինված ուժեր ու բանակ ունենալու հետեւողականությամբ կայանար զինվորականության խավը: Ավելին, այդ խավի բնական, օրգանական կայացման ու զարգացման պարագայում մեր պետությունը երբեք ենթակա չէր լինի նաեւ ոչ մի լուրջ ներքին կամ արտաքին քաղաքական սպառնալիքի: Զինված ուժեր ու բանակ ստեղծելուն զուգընթաց զինվորականության ամուր, ինքնուրույն, հաստատուն համայնքի կայացման, դրանից հասարակության վերին շերտ կերտելու գործընթաց, իհարկե, կար: Զինվորականների թաղամասերն ու հանգստյան տները, ուսման, բուժօգնության հատուկ պայմաններն ու նմանատիպ տեխնիկական միջոցառումները արտաքինից, կարծես, ապահովում էին նորանկախ երկրում ձեւավորվող նոր, պատվարժան, հաղթանակած մարդու կերպարի կայացումը: Իսկ ամենշաբաթյա զինվորական հեռուստահաղորդումը, պատանիների ու երիտասարդների հետ բանակային համազգեստով, ճանապարհ անցած մարդկանց զանազան հանդիպումներն ու շփումները, դպրոցներում ու բուհերում մերօրյա հերոս զինվորականների անուններով կոչված դասարաններն ու լսարանները, ըստ ակնկալիքի, պետք է բովանդակություն հաղորդեին այս ամենին:
Սակայն, երբ զինված ուժերին հատկացվող ապահովվածության ռեսուրսից սեփական ապահովվածությունը կազմակերպող հրամանատարությանը հստակ հասկացնում ես, թե ում օգտին պետք է քվեարկի զինված ուժերի ողջ անձնակազմը մեկ մարդու նման, զինվորականության այդքան բաղձալի խավի նորաստեղծ, թույլ էմբրիոնները, առանց պտղիկ դառնալու որեւէ հնարավորության, մատուցվում են քաղաքական խաշկերույթի սեղանին՝ իբրեւ թաց անձեռոցիկ:
Իրականում ավելի քան երեսուն տարիների ընթացքում մասնագիտական, պետական, ազգային կայուն սկզբունքներով համայնքներ, խավեր մեզանում չձեւավորվեցին ոչ մի ոլորտում: Այսօրվա հրաշալի ոստիկանը վաղը ճկուն թմրավաճառ է, երեկվա ձկնգողն ու անտառահատը այսօր մեդալակիր տեսուչ, եւ առհասարակ, փոքր-ինչ բարձր աշխատավարձով ամեն ինչ կարելի է անել: Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:
Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2025