ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի զեկույցը «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ԱԺ-ում
Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանը հանդես է եկել որպես հարակից զեկուցող:
Ելույթից հետո փոխնախարար Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:
Կարդացեք նաև
«Հարգելի՛ պատգամավորներ, ներկաներ,
քննարկման է ներկայացված քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված այս նախագիծը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Եվրոպական միությանն առավել մերձենալու քաղաքական կամքն արտահայտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցված ելույթի շրջանակներում, ինչը համահունչ է նաև ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրված՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը: Եվրոպական միությունն իր հերթին արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը:
ՀՀ-ԵՄ մերձեցման համատեքստում քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ներկայում բանակցվում է ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը, ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային և պաշտպանական: Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի նախագիծը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության ոլորտային առաջնահերթությունները, որոնք լրացնելու են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնաքար հանդիսացող՝ 2017թ. ստորագրված և 2021թ. ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը: Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և լավ կառավարմանը, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, առևտրին, մարդկանց միջև շփումներին առնչվող հարցեր:
Հայաստանը մեծապես կարևորում է և համագործակցում է ԵՄ կողմի հետ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա «ճանապարհային քարտեզի» ամբողջական կիրարկման ուղղությամբ՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես «ճանապարհային քարտեզը» լրամշակելու, այնպես էլ նշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ:
Առաջնային կարևորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը: Եվրոպական միությունը շարունակել է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը:
«Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումն առաջիկա չորս տարվա համար։ Հայաստանը միակ երկիրն է, ով աջակցություն է ստանում նման ծրագրով՝ հանդիսանալով ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Ելնելով վերոգրյալից՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ գործող շրջանակը, ինտենսիվությունն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն իսկ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունը: Ուստի, ՀՀ ԱԳՆ առաջարկում է դրական եզրակացության արժանացնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը»:
ՀՀ ԱԳՆ