Հայաստանի պատանի շախմատիստներ, ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը եւ Բենիկ Ագասարովը անցած մրցաշրջանում բավականին լուրջ արդյունքներ են ցույց տվել, իսկ 2025 թվականն սկսել են նոր ձեռքբերումով: Սարգիսը նվաճեց բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալը եւ առաջին անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմը, իսկ Բենիկը թեեւ բավարարվեց 6-րդ տեղով, սակայն այսուհետեւ կկրի միջազգային վարպետի կոչումը:
Մասնագետները նրանց լավ ապագա են կանխատեսում, սակայն դա իրականություն դարձնելու համար տղաները պետք է շարունակեն շատ աշխատել: Aravot.am-ը զրուցել է շախմատիստների հետ:
Սարգիս Սարգսյան: «Սա իմ երկրորդ մասնակցությունն էր բարձրագույն խմբի առաջնությանը: Լավ էի նախապատրաստվել, բայց սկիզբը անհաջող ստացվեց: Չէի սպասում, որ երկու պարտություն կկրեմ: Հետո սկսեցի լավ խաղալ եւ առաջին անգամ արժանացա Հայաստանի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալին: Անշուշտ, գոհ եմ: Առավել եւս, որ կարողացա լրացնել նաեւ միջազգային վարպետի առաջին նորմը: Մինչեւ այս հաջողությունը դարձել էի մինչեւ 18 տարեկանների Հայաստանի չեմպիոն: 2024 թվականին Vanadzor Open-ում գրավեցի 3-րդ տեղը, այնուհետեւ Հայաստանի առաջնության 1-ին խմբում նվաճեցի առաջին տեղը եւ անհատական վարկանիշս հասցրեցրի 2425-ի: Արդեն մոտենում եմ 2500 գրոսմայստերական վարկանիշին:
Հիմա պատրաստվում եմ ուսումս շարունակել Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ ցանկանում են հնարավորինս շուտ դառնալ գրոսմայստեր: Բայց դա չի նշանակում, որ մեդալները երկրորդ պլան են մղվում: Դրանք սովորաբար միշտ իրար հետ են գալիս: Օրինակ, Հայաստանի չեմպիոն միշտ դառնում են գրոսմայստերները: Հուսամ, որ շուտով ես էլ նրանցից մեկը կդառնամ: Իսկ ինչ վերաբերում է իմ երազանքներին, երազում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում ու նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը»:
Կարդացեք նաև
Բենիկ Ագասարով: «Առաջնությունում հավասար՝ 4,5 միավորներով բաժանեցինք 4-րդ տեղը, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրի 6-րդ տեղը: Բավականին լավ էի մեկնարկել, սակայն յոթերորդ տուրում պարտվեցի ու 3-րդից նահանջեցի 5-րդ հորիզոնական: Քանի որ խաղում էի միջազգային վարպետի երրորդ նորմը լրացնելու համար, վերջին երկու պարտիաները ոչ-ոքի արեցի, ինչը բավարարում էր: Պետք է ընտրություն կատարեի. պայքարել միջազգային վարպետի նորմի համար, թե ավելի բարձր տեղ զբաղեցնելու նպատակով ավելորդ ռիսկի դիմեի ու խաղայի հաղթանակի համար:
Այսուհետեւ նպատակս գրոսմայստերի նորմի համար խաղալն է լինելու, ինչը նաեւ ենթադրում է ավելի բարձր տեղեր: Վստահ եմ, որ կարող եմ հասնել նպատակիս: Վստահությունս գալիս է նաեւ նրանից, որ 2024 թվականին 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արժանացա արծաթե մեդալի, 2-րդ տեղ զբաղեցրեցի նաեւ 18 տարեկանների Եվրոպայի թիմային առաջնությունում: Հիմա նպատակս գրոսմայստեր դառնալն է, որից հետո պայքարը Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար:
Երազանքներ շատ ունեմ: Օրինակ, աշխարհի ինչ-որ տարիքային չեմպիոն դառնալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ