Այսօր երեկոյան՝ ժամը 20․10-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Երևան մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատվածում։
Ինչպես դեպքի վայրից տեղեկացրել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց էին բախվել «Տոյոտա լանդ քրուիզեր» և «Նիսան ռուժ» մակնիշի ավտոմեքենաները։
Վիրավորվել են երկու մեքենաների վարորդները․ նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը՝ «Տոյոտա լանդ քրուիզերի» վարորդը 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը, որը Շիրակի մարզի նոտարական գրասենյակի ղեկավարն է։
Կարդացեք նաև
Մյուս տուժողը՝ «Նիսան ռուժ» մակնիշի մեքենայի վարորդ Կորյուն Մկրտչյանն է։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու տուժողներն էլ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ, նրանք հետազոտման փուլում են։ Ռոբերտ Մուկուչյանին, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, տեղափոխում են Երևան, այդպես են ցանկանում հարազատները, նա ստացել է գլխի վնասվածք, արյան զեղումներ։
Մյուս տուժողը ունի տարբեր մարմնական վնասվածքներ, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ