Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից

Հունվար 24,2025 23:30

Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ, իբր «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ: Սույն պատգամավորին հորդորում ենք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հանձնարարությամբ` իր ներկայացուցիչների կողմից իրականացվող պարբերական այցերի, դրանց արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին, Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներին, որոնք, ի դեպ, յուրաքանչյուր տարի քննարկվում են Ազգային ժողովում, արտահերթ զեկույցներին, որոնցից մեկը հրապարակվել է նախորդ տարվա ավարտին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային բազմաթիվ ելույթներին և զերծ մնալ հասարակության շրջանում թյուր կարծիք ձևավորելու փորձերից:

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ: Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ:

Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում:

Ավելին, այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց ՄԻՊ-ը:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և խթանման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո: Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից:

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031