«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր մոտեցումը Միացյալ Նահանգներում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ՝ միջազգային բիզնեսի առաջնորդներին առաջարկելով կա՛մ սկսել արտադրել ԱՄՆ-ում, կա՛մ վճարել մաքսատուրքեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային բիզնեսի ազդեցիկ դեմքերին ներկայացրեց իր տեսլականը, թե հետայսու ինչպես կարելի է գործ անել աշխարհի խոշորագույն տնտեսությունում՝ Միացյալ Նահանգներում։ Դիտորդների խոսքով՝ ներկայացվածն, իրականում, բլիթի ու մտրակի քաղաքականության արտացոլումն էր։
«Աշխարհի յուրաքանչյուր բիզնեսին ուղղված իմ ուղերձը շատ պարզ է: Եկե՛ք և արտադրե՛ք Ամերիկայում, և մենք ձեզ կտրամադրենք աշխարհում գործող ամենացածր հարկային ռեժիմներից մեկը: Բայց եթե չեք արտադրում Ամերիկայում, որը ձեր նախընտրությունն է, ապա շատ պարզ է՝ պետք է մաքսատուրք վճարեք»,- ասել է Թրամփը։
Թրամփի ուղերձը նկատելիորեն առանձնանում էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում մյուս խոշոր տերությունների ղեկավարների խոսքից, որոնք շեշտում էին փոխադարձաբար շահերը հաշվի առնելու կարևորությունը՝ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընթացքում։
Կարդացեք նաև
Հայտնի է՝ ամենամյա ֆորումում միջազգային քաղաքական, տնտեսական ազդեցիկ դեմքերը քննարկում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ բնապահպանական և էներգետիկ խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները և այլն:
Թրամփը կոչ է արել «արդար հարաբերություններ» հաստատել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության՝ Չինաստանի հետ։
Չինաստանի փոխվարչապետ Դինգ Շեսյանգը ներկայացրել է Պեկինի դիրքորոշումը։
«Տնտեսական գլոբալիզացիան սոցիալական առաջընթացի և տեխնոլոգիական առաջընթացի արդյունք է, և այն հնարավոր չէ կանգնեցնել: Պրոտեկցիոնիզմը խնդիրներ չի լուծում, իսկ առևտրային պատերազմները ոչ մեկին չեն օգնում: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ տնտեսական գլոբալիզացիան առաջնորդելու և այն ավելի լավ փուլ, ավելի կենսունակ, ներառական և կայուն [փուլ] տանելու համար»,- ասել է Չինաստանի փոխվարչապետը:
Դիտորդներն անդրադարձել են նաև Թրամփի խոստմանը՝ Եվրոպա արտահանել հեղուկ բնական գազ, որը նրանց խոսքով կարող է թանկացնել այդ էներգակիրը ամերիկացիների համար:
«Ռուսական նավթից և բնական գազից եվրոպական կախվածության վերացումը [ԱՄՆ] նախագահի համար, իսկապես, կարևոր արտաքին քաղաքական նպատակ է։ Գիտեմ, որ նա անցյալում շատ քննադատաբար էր վերաբերվում, երբ հատկապես Գերմանիան թույլ տվեց կառուցել «Հյուսիսային հոսք – 2» գազատարը, որը հանգեցրեց Ռուսաստանից և հանածո վառելիքից գերմանական ու եվրոպական կախվածության աճին»,- ասում է Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչ Բիլ Գալսթոնը:
Դավոսի այս տարվա միջոցառմանը հրավիրվել էր 3,000 մասնակից ավելի քան 130 երկրներից:
Նրանք, ովքեր անձամբ էին լսել Թրամփին, հետո լրագրողներին ներկայացնում էին իրենց տպավորությունները։
«Կարծում եմ, մեր՝ եվրոպացիներիս, հետևությունը պետք է լինի, որ պետք է ընդլայնենք աշխատանքը՝ տնտեսական աճը համախմբելու համար»,- նշում է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարթ Էյդեն:
«Դա ցույց է տալիս պատճառներից մեկը, թե ինչու է նա հաղթել ընտրություններում։ Նա խոսում է համոզիչ կերպով, դուք կարող եք համաձայն չլինել ոչնչի հետ, բայց նա խոսում է մեծ ուժ ցույց տալով»,- շարունակում է ամերիկացի նախկին դիվանագետ Ստյուարտ Էյզենստատը:
«[Թրամփի ներկայացրած] տեսլականի հիմքում բացառապես ամերիկյան տեսլականն է: Մնացած աշխարհի մասին ոչինչ, ոչինչ չկա»,- ասում է Ագնես Կալամար, Amnesty International-ի գլխավոր քարտուղար
Աշխարհի խնդիրների շուրջ քննարկումները Դավոսում՝ շվեյցարական Ալպերի այդ փոքրիկ քաղաքում, շարունակվել են նաև ուրբաթ: