Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 101 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը:
Ցերեկույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները:
Այսօր տեղի է ունեցել նաև «Ընթացք և վերելք» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են մեծանուն բանաստեղծի մասին գրված տարբեր հոդվածները, մտքերը՝ հայ և համաշխարհային գրականագետների, գրողների կողմից։
«Գիրքը իմ և գրականագետ Երվանդ Տեր–Խաչատրյանի համատեղ աշխատությունն է։ Վերջինս մտերիմ է եղել Պարույր Սևակի հետ, նույն գյուղում են ծնվել։ Պետք է նշեմ, որ Պարույր Սևակի 100–ամյակը մեծ շուքով նշվել է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում, որտեղ կան հայ համայնքներ։ Լույս են ընծայվել մի շարք գրքեր։ Այս գիրքը մի կողմից եզրափակում է 100–ամյակի միջոցառումները, մյուս կողմից երկրորդ 100–ամյակի մեկնարկն է տալիս»,– իր խոսքում ասել է թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Միջոցառմանը դերասան Դավիթ Հակոբյանն ասմունքել է Սևակի գործերից, իսկ երգիչ Գոռ Սուջյանը կատարել է վերջինիս բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը։
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ