Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի և Եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Քոչարյանին եւ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այսօր շարունակվեց տուժող ոստիկան Խաչատրյանի հարցաքննությունը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ վարույթի նյութերն այնպիսին են եւ վկայում են նրա մասին որ չի հասցվել այնպիսի վնաս, որ տուժողը կրեր ֆինանսական կորուստներ:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ դրա համար չի հարցնում տուժողը բողոք կամ ֆինանսական պահանջ ունի, թե ոչ:
Ապա հարցրեց՝ տուժողը ցանկություն ունի՞՝ Լեւոն Քոչարյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, ենթադրաբար հարված հասցնելու համար, թե ոչ:
Տուժողը պատասխանեց՝ ինքը որոշողը չէ:
«Պարոն Խաչատրյան, եկեք այսպես, մենք շաշկի չենք խաղում, հարցը շատ հստակ է, չեմ ասում դուք որոշեք կամ չորոշեք: Լա՛վ, քրեական պատասխանատվությունն էլ եմ հանում, ժողովրդի լեզվով ասած, ցանկություն ունե՞ք՝ Լեւոն Քոչարյանը որեւէ ձեւ պատասխան տա նրա համար, որ իբրեւ ձեզ հարվածել է, չէ՞ որ դուք պնդում եք, որ տուժել եք»:
Մեղադրողը առարկեց հարցը՝ հիմնավորելով, որ տուժողը պատասխանեց, որ ինքը որոշողը չէ՝ անկախ նրանից, թե որքանով է այդ պատասխանը պաշտպանական կողմի համար ընդունելի:
Փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ հետաքրքրվեց դեպքից հետո ոստիկանության զեկուցագրի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պնդում էր, որ որևէ մեկը իրեն զեկուցագիր ներկայացնելու հրաման չի տվել, այն էլ տպագիր ձևով։ Մինչդեռ հենց այս զեկուցագիրն էլ Լեւոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմք է դարձել:
Դատախազը տուժողին պարզաբանեց, որ կարող է չպատասխանել, պաշտպանական կողմը վրդովվեց: Դատախազը ներկայացրեց առարկություններ հարցի վերաբերյալ, ինչը դատարանն ընդունեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ