Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հայկական պետականության խայտառակությունն է և նսեմացումն է»․ Միքայել Սրբազանը՝  Բաքվում տեղի ունեցող դատավարությունների մասին

Հունվար 24,2025 16:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարվելը, Բաքվի ռազմական դատարանում դատվելը համարում է մեր պետության ու պետականության նսեմացումն ու խայտառակությունը։

Մեր դիտարկմանը, թե Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ հարցուպատասխանի ժամանակ դատավարությունից ցուցադրվող տեսարանները մտահոգիչ համարեց, պատասխանեց, որ դիվանագիտական շփումներում ու օրակարգում է այդ հարցը, սակայն՝ իրավիճակին մոտենում է չվնասելու տրամաբանությամբ, չի անելու հայտարարություններ, որոնց հետևանքներն այդ մարդիկ իրենց վրա կզգան բանտում, ասաց․«Այստեղ անելիք ունի պետությունը և պետականությունը, և այո՛, դա պետության ու պետականության նսեմացումն է և խայտառակությունն է։

Դա չպետք է թույլ տրվեր ժամանակին, ժամանակին պիտի ապահովվեր այդ մարդկանց անցքը Հայաստանի Հանրապետություն, այսօրվա Հայաստան։

Եվ պետականությունը պիտի ունենար այդ բոլոր միջոցները, ներառյալ  նաև ռազմական՝ թույլ չտալու այդ մարդկանց գերեվարումը։

Թույլ տալը մի խայտառակություն է, դատավարության պրոցեսը մեկ այլ խայտառակություն է։ Սա պետականության խայտառակությունն է։

Համազգային խայտառակություն է, բայց հիմնական մեղավորները, պատասխանատուները պետական պաշտոններ ստանձնած անձնավորություններ են, որոնք թույլ են տվել այդպիսի ծանր վիճակ։

Եթե ի վիճակի լինեին քայլ անելու, թույլ  չէին տային գերեվարվեին այդ մարդիկ, ու այն հայտարարությունում, թե  ոչ մի բան չանենք,  հանկարծ ավելի շատ կվատանա, տրամաբանական գիծ կա, որովհետև իրենք ինչ էլ անեն, ավելի է վատանալու, ի վիճակի չեն որևիցե մի բանը լավացնելու։ Ինչին կպնում են` քանդում են, վատացնում են, փչացնում են, կործանում են, դրա համար էլ ասածների մեջ ճշմարտություն կա, ավելի լավ է  չխոսեն, որովհետև եթե խոսեն, վիճակն ավելի կվատանա։

Այո՛, այսօրվա իշխանությունն ավելի լավ է չխոսի, որովհետև խոսելուց բացի ուրիշ բանի ի վիճակի չէ, խոսելն էլ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ից սկսած՝ կատաստրոֆա է բերել մեր երկրի և մեր ժողովրդի գլխին։

Այնպես որ, ես համաձայն եմ, որ նրանք չխոսեն, նրանց խոսացածը միայն կարող է վնասել, ոչ մի բանի ի վիճակի չեն։ Խայտառակություն է, հայկական պետականության խայտառակությունն է և նսեմացումն է»։

Մեր հարցին՝ ստացվում է, որ այդ մարդիկ Բաքվի բանտերում պիտի մնա՞ն, Սրբազանը պատասխանեց․ «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է լինի, շինծու դատավարությունը պիտի լինի, պիտի դատապարտեն, հետո էլ  լավագույն դեպքում իբրև բարի կամքի արտահայտություն, կորզեն որոշ բաներ իրենցից և համաներմամբ բաց թողնեն, բայց դա այսպես, թե այնպես՝ ոչ մի պատիվ չի բերի Հայաստանի Հանրապետությանը»։

Դիտարկմանը, թե հայ հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք դատապարտում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը,  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց․ «Ինչի՞ համար են դատապարտում, գոնե իրենք տեղյա՞կ են՝ ինչի համար են դատապարտում, եթե նույնիսկ այդ մարդիկ սխալներ են գործել, նրանք պիտի դատվեն Հայաստանի Հանրապետությունում՝ հայկական օրենքներով։

Ո՞նց կարելի է․․․ Այդ մարդիկ գերության մեջ, նեղության, պատկերացնում եք ադրբեջանական գերություն, այդ մարդիկ ադրբեջանական գերության մեջ, որևիցե մի հայի լեզու պտտվում է՝ նրանց դատապարտե՞ն։

Այո՛, ես էլ  ժամանակին ոմանց դատապարտելու խոսքեր ասել եմ, բայց հիմա, երբ իրենք այդ վիճակում են, կարելի՞ է որևիցե դատապարտող խոսք ասել իրենց հասցեին։

Դա անբարոյականություն է, ուղղակի անբարոյականություն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031