Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ բան ինձ համար էլ է անհասկանալի․ վկան այն մասին՝ ինչու են այրվել զինվորների մահճակալները, բայց դրանց միջանկյալ հատվածը՝ ոչ

Հունվար 24,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցավ գործով վկա, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանի հարցաքննությունը։

Հարցերին ի պատասխան, թե ինչ ծավալի հակահրդեհային նյութեր են եղել կացարանում, Սարգիս Մազմանյանը պատասխանեց․ «24 քմ տարածքում պետք է լիներ մինչև մեկ լիտր ծավալով հրդեհամարման նյութ ունեցող կրակմարիչ։ Ես եմ եղել ձեռքբերումներ իրականացնողը, վերադասին առաջարկողը, հետևաբար մեկ լիտր ծավալով կրակմարիչները իմ կատարած փորձերի հիման վրա օգուտ չեն տվել, որի պատճառով երկու լիտրանոց ենք ձեռք բերել, դրա համար 2,8,15 և ավելի մեծ ծավալով կրակմարիչներ ենք ձեռք բերել»։

Հարցին՝ կացարանում հակահրդեհային անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, վկան պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել, եղել եմ դեպքի վայրում, երբ կացարանն այրված վիճակում էր գտնվում։ Մինչ այդ տեղյակ չեմ եղել, թե ինչ միջոցներ են ձեռնարկված եղել»։

Վկան մանրամասն ներկայացրեց, թե հակահրդեհային գործողությունների ինչ հերթականություն է գործել, ինչ պարապմունքներ են անցկացվել զինծառայողների հետ․ «Այն, ինչ ես իրականացրել եմ, դա կոնկրետ չեզոք վայրում է եղել, որտեղ վառել ենք անվադող՝ դիզվառելանյութով, քանի որ բենզինը ահավոր հրդեհավտանգ է։ Ես նույնիսկ ԳՇ պետի ցուցումով փորձ եմ կատարել, 500գ բենզին վառելու գործողություն ենք կատարել։ 500գ բենզինով գործողության ժամանակ դեռ կեսն էինք օգտագործել, մեծ ծավալի հրդեհ բռնկվեց, ուստի ենթադրում եմ, որ 5 լիտրով ավելի մեծ հրդեհ պետք է բռնկվեր»։ Վկան ասաց, որ անվադողը վառել են, զինվորներին շարքով կանգնեցրել են, նրանք հերթով մոտեցել, կրակմարիչը վերցրել են, հաշվի առնելով քամու ուղղությունը, այլ անվտանգության նորմեր, որոնց մասին լսարանային ժամերին սովորեցրել են՝ սկսել են հրդեհամարման գործողություններ իրականացնել կրակմարիչով։

 

Փաստմանը՝ կացարանում ողջ մնացած զինծառայողները ցուցմունք են տվել և ասել, որ իրենց համար հակահրդեհային ուսուցման միջոցառումներ չեն անցկացրել և հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք սրան, Սարգիս Մազմանյանը պատասխանեց․ «Դրա հետևանքն այն է, որ ունենք այսօրվա վիճակը»։

Նորայր Նորիկյանը հարցրեց՝ Ձեզ ինչո՞ւ են ազատել աշխատանքից, Սարգիս Մազմանյանը պատասխանեց․ «Դեպքի օրը՝ ժամը 9-ին բանակային կորպուսի հրամանատարի մոտ եմ գտնվել, խնդրել՝ մեքենա հատկացնի, ինձ զանգել ու ասել են՝ շուտ վերադարձիր ՊՆ, վերադարձել եմ, և մինչև հասել եմ Երևան, լուրերից եմ տեղեկացել, որ ես դուրս եմ եկել աշխատանքից։ Հաշվի առնելով ԶԼՄ-ներում հայտարարությունները, որ ՊՆ նախարարը կառավարության նիստին հայտարարել է, որ ես ազատվել եմ պաշտոնից՝ ես ինքս գրել եմ զեկուցագիր պաշտոնից ազատման մասին»։ Վկան նաև հայտնեց, որ կտրականապես հրաժարվել և ոչ մի ծառայողական քննության չի ներկայացել։

Հարցին՝ գնդապետ Պողոսյանի հետ հանդիպմանը չեք զեկուցե՞լ տեղի ունեցածի մասին, Սարգիս Մազմանյանը պատասխանեց․ «Զեկուցել եմ այն, ինչ ինձ տեղեկացրել է գնդապետ Խաչատրյանը։ Սկզբնական շրջանում հոլովվում էր դասակի հրամանատարի անունը, հետո եմ իմացել, որ ինժեներական ծառայության սպան է եղել՝ Հակոբյանը, որը փորձել է հինգ լիտրանոցով վառել վառարանը, որի արդյունքում կայծակնային արագությամբ հետադարձ էֆեկտ է ունեցել, շիշը շպրտել է․ այնուհետև հրդեհը տարածվել է, զինծառայողները զոհվել են»։

Նորայր Նորիկյանը հարցրեց՝ այս պայմաններում ո՞նց է հնարավոր, որ հատակը էն էլ այդ հիսուն սանտիմետրանոց սենյակում, մահճակալների արանքները այրված չէին, այրված էին միայն մահճակալները, որտեղ քնած էին եղել զինվորները․ «Նշեմ, որ չեմ կարծում՝ հնարավոր կլիներ, որ մենակ մահճակալների տակը ու միջանկյալ հատվածն այրված չլիներ։ Եթե բենզինը տարածվել է, խոչընդոտ չունի, ինքը ամբողջովին տարածվելով՝ գնում է, և տարածքում պետք է համապարփակ այրվածքներ լիներ։ Ինչքան հրդեհի ուսումնասիրություն կատարել եմ, հրդեհաշիջումների մասնակցել եմ, հիմնականում որտեղ հրդեհը տեղի է ունեցել, առնվազն 90 տոկոսը այրված է եղել,10 տոկոսը գուցե ոչինչ եղած չլինի։ Ես նման բան չեմ տեսել իմ պրակտիկայի ընթացքում, սակայն չստելու համար կամ այլ վարկածներ առաջ չբերելու համար չեմ էլ հերքի, որ հնարավոր է, հնարավորությունն էլ չեմ կարող ապացուցել, չեմ էլ կարող ապացուցել այն հանգամանքը, թե ինչու է տենց բան եղել։ Նախադեպը չունեցող հրդեհ է եղել, շատ բաներ ինձ համար էլ են անհասկանալի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031