Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ սրահում՝ հատուկ հուշամեդալներ թատրոնի 92-ամյա տարելիցի կապակցությամբ

Հունվար 24,2025 17:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում այսօր տեղի ունեցավ հարուստ պատմություն ու ժառանգություն ունեցող թատրոնի 92-ամյակին նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալների շնորհանդես՝ որն իրականացրել է այս մշակութային օջախը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ:

Միջոցառմանը հրավիրված էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Դանիել Դանիելյանը, այլ մշակութային հիմնարկների տնօրեններ, ճանաչված արվեստագետներ և այլք:

  

Մշակույթը ոչ միայն հզոր գործիք է, այլև տիեզերական ոլորտ, որը ոգեշնչում է մարդկանց և օգնում նրանց, փոխել իրենց կյանքը դեպի լավը: Մի լեգենդ կամ իրողություն ենք լսել, ըստ որի Թամանյանի նախագծով օպերային թատրոնի շենքը կառուցվել է հեթանոսական մի մեհյանի տեղում, որտեղ ամեն տարի ավանդաբար անցկացվել են երգի ու պարի տոնախմբություններ: Այսինքն՝ օպերային թատրոնի հիմքը հենց հայ հնագույն երգարվեստն է, և հետևաբար այսօր օպերային թատրոնը մերօրյա հայ երգարվեստի էպիկենտրոնն ու խառնարանն է:

Պատահական չէ, որ պատմության ողջ ընթացքում մշակութային այս կենտրոնը եղել ու մնում է հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի արտահայտման, իսկապես, սրբազան օջախը, մեր երաժշտական մշակույթի դեմքը, իսկ օտարերկրացիների համար Հայաստանը, նրա բարձրարժեք մշակույթը վայելելու լավագույն հնարավորությունը: Այս թատրոնում ներկայացվում են ոչ միայն ազգային այլև համաշխարհային դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Այսօր արդեն օպերայի և բալետի թատրոնը արժանի հարթակ է համաշխարհային հեղինակավոր թատրոնների ընտանիքում:

Ծովինար Մովսիսյանը

Մենք զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանին:

Մասնագետի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության:

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նշում է հիմնադրման 92-ամյակը։ Իր կայացման ընթացքում թատրոնն ունեցել է անհավանական ստեղծագործական ձեռքբերումների, վերելքների ու փառահեղ հաջողությունների, ցավոք, նաև անկումների ու լճացման ժամանակահատվածներ։ Ուրախությամբ ուզում եմ նշել վերջին շրջանում թատրոնի նկատելի բարեփոխումները, առաջին հերթին՝ խաղացանկային քաղաքականության թարմացումները, ստեղծագործական մթնոլորտի աշխուժացումը, նոր ու համարձակ նախագծերի իրականացումը։

Մասնագետ երաժիշտների և երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչների միջավայրում բուռն քննարկումների առիթ դարձավ թատրոնի այսպես կոչված «ռեբրենդինգը»։ Թատրոնն այսօր ներկայանում է նոր լոգոտիպով, նորաոճ, գունեղ,  հայտագրերով , ճաշակով և յուրօրինակ հրավիրատոմսերով։ Սա միայն արտաքին փոփոխություններն են։ Սակայն այս ամենից առավել կարևոր են այն խորքային, բովանդակային, որակական փոփոխությունները, որոնք ակնհայտ են թատրոնի ստեղծագործական ծրագրերում։

Վերջին պրեմիերաներից, որոնց հնարավորություն եմ ունեցել ներկա գտնվել, կուզեի նշել Փարաջանովի 100-ամյակին նվիրված խորեոգրաֆիկ «պերֆորմանսը», որպես համարձակ նորարարական մտահղացում, իր լավ ու վատ, համոզիչ կամ վիճահարույց կողմերով, սակայն այն կարելի է համարել թատրոնի նորօրյա պատմության կարևոր իրադարձություններից մեկը։

Անշուշտ, կարևորագույն հաջողություններից եմ համարում Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» մոնումենտալ բալետային ներկայացման վերաբեմականացումը։ Սա կարևոր անդրադարձ է ազգային կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի ժառանգությանը, ով անգնահատելի վաստակ ունի ազգային օպերային թատրոնի պատմության մեջ։

Անցյալ տարին Օպերային թատրոնը եզրափակեց համաշխարհային դասական օպերաներից մեկի՝ Վերդիի «Օթելլո» օպերայի պրեմիերայի շռնդալից հաջողությամբ։ Շքեղ ձևավորում, նվագախմբի ու երգչախմբի հրաշալի հնչողություն, փառահեղ մենակատարներ, այդ թվում՝ հրավիրյալ։

Ցավոք, չկարողացա ներկա գտնվել «Տուրանդոտին», բայց գործընկերներիցս ամենաբարձր գովեստի խոսքեր եմ լսել, վստահ եմ, որ օպերային խաղացանկի այս բարձունքը նույնպես պատվով հաղթահարել են մերն երաժիշտները:

Այսօրվա առիթը թատրոնի պատվավոր հուշամեդալների շնորհանդեսն է, սպասված իրադարձություն, քանի որ յուրաքանչյուր ակադեմիական հաստատության հեղինակության, վարկանիշի, խորհրդանիշն են հուշամեդալները։ Այսուհետ այս պատվավոր հուշամեդալներով կարող են պարգևատրվել թե՛ թատրոնի պատվավոր հյուրերն ու գործընկերները, և թե՛ թատրոնի երախտավորները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով, անմնացորդ նվիրումով ու վաստակով անջնջելի հետք են թողել Մայր թատրոնի պատմության մեջ։

Ուրախ եմ ներկա գտնվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում այս կարևոր իրադարձության առիթով, քանի որ հավասարապես կիսում եմ նրանց բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները, քանի որ պատիվ ունեմ ներկայացնելու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, միակ երաժշտական բարձրագույն կրթօջախը, որի շնորհաշատ ու տաղանդավոր շրջանավարտները թատրոնի գոյության առաջին իսկ օրից, տարեցտարի, համալրում են Մայր թատրոնի ստեղծագործական կազմը։

Շնորհավորում եմ թատրոնի ղեկավարությանը և ստեղծագործական անձնակազմին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և լիահույս եմ, որ այսուհետ նույնպես մեր համագործակցությունն ավելի լայն ու բազմաբովանդակ կլինի»,- հայտնեց տիկին Մովսիսյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031