Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնումը ժամանակ է պահանջում. եղե՛ք մարդկանց կողքին, կարեկցե՛ք: Առաջարկե՛ք գործնական օգնություն՝ առօրյա գործերում. Վիտյա Յարամիշյան. «Ապառաժ»

Հունվար 24,2025 17:12

«Ապառաժ». Հարցազրույց ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ

Արցախի տեղահանումից հետո արցախցիները ծանր հոգեբանական ճնշվածության և ընկճվածության մեջ են հայտնվել։ Թեև անցել է ավելի քան մեկ տարի, սակայն խնդիրը դեռևս մնում է։ Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակից հնարավորինս դուրս գալու և առաջ նայելու համար։

-Հասկանալու համար, թե ի՞նչ կարելի է անել, պետք է կարողանանք սթափ գնահատենք այն, ինչ կատարվել է: Արցախի հայությունը հայտնվել է զանգվածային գոյաբանական ճգնաժամի ճիրաններում: Ճգնաժամն իրավիճակ է, որը հոգեկանում առաջ է բերում բազմաթիվ բացասական հույզեր՝ անհանգստություն, վախ, զայրույթ, հուսահատություն, ցավ, անորոշություն, որոնք խանգարում են նորմալ գործելուն: Դրանց պատճառները կարող են տարբեր լինել՝ տեխնոգեն աղետներից մինչև հարազատի կորուստ: Մեր պարագայում պատճառն, ակնհայտորեն, բռնի տեղահանությունն է, դաժան հայրենազրկումը:

Մասնագետները գիտեն, որ հոգեկանն ունակ է իր ճկունության և փոխհատուցման մեխանիզմների շնորհիվ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, բայց ոչ այն դեպքում, երբ փլուզվել են կայուն կառույցները, օրինակ՝ հիմնարար համոզմունքները: Այս իրավիճակը նման է տան փլուզմանը, ու, եթե քանդված տունը կարելի է շինանյութով վերակառուցել, ապա «փլուզված» հոգեկանը ինքնուրույն վերակառուցել, այն էլ՝ հասուն տարիքում, խիստ բարդ է: Բարդ է, բայց ոչ անհնարին: Եթե կան մարդիկ, ովքեր անկեղծ ցանկություն ունեն օգնելու դժվարության մեջ հայտնված մարդկանց, ապա կարելի է մի քանի խորհուրդներ տալ:

Եղե՛ք մարդկանց կողքին, կարեկցե՛ք: Փորձե՛ք հասկանալ զգացմունքները, մի՛ դատեք, մի՛ մեղադրեք, մի՛ վիճեք: Առաջարկե՛ք գործնական օգնություն՝ առօրյա գործերում: Հնարավորինս ցուցաբերեք սոցիալական աջակցություն. զրուցեք, միասին զբոսնեք, հյուր գնացեք կամ ընդունեք: Կազմակերպե՛ք ճիշտ սնուցում, թույլ մի՛ տվեք ալկոհոլի, դեղերի չարաշահում: Խրախուսե՛ք ֆիզիկական ակտիվությունը, կատարե՛ք կանոնավոր վարժություններ: Առողջ քունը կարևոր է մարմնի վերականգնման և մտավոր հավասարակշռության համար: Մարդուն հեռու պահեք նոր սթրեսային գործոնների ազդեցությունից: Եղեք համբերատար և աջակցող: Իմացեք, որ վերականգնումը ժամանակ է պահանջում. արագ արդյունքների մի՛ սպասեք:

Սակայն, հաշվի առեք, որ այս բոլորն ընդհանրական խորհուրդներ են, իսկ ինձ համար, որպես հոգեբանի, կարևորը դրական, կառուցողական մտածողությունն է: Օգնե՛ք մարդուն՝ կենտրոնանալու կյանքի դրական կողմերի վրա, այնպես, ինչպես փոքրիկ երեխան քայլել սովորելու համար հենվում է հասանելի առարկաների վրա, բռնում է մեկնած ձեռքը:

Մի՛ փորձեք լուծել բոլոր խնդիրները: Ձեր խնդիրն է՝ աջակցել մարդուն դժվար պահերին: Եվ մի՛ մոռացեք դիմել մասնագետի օգնությանը: Միայն նա կարող է կոնկրետ գնահատում կատարել և վերականգնման ռազմավարություն մշակել: Եթե մարդը լուրջ վնասվածք է ստացել, նա կարող է նաև հոգեթերապևտի օգնության կարիք ունենալ:

Ձեր խոսքն ուղղված արցախահայությանը հնարավո՞ր եք համարում մեր վերադարձն Արցախ․․․

Ես ամեն ինչն էլ հնարավոր եմ համարում: Ապագան նման է ամպին. կարող է կուտակվել, մթնել, բայց կարող է նաև ցրվել, անհայտանալ, կարող է անձրև տեղալ, կարող է արև շողալ: Նույնիսկ ամենածանր մղձավանջներում մենք չէինք պատկերացնում, թե Արցախի լիակատար հայաթափումը հնարավոր է: Այժմ էլ չպետք է բացառենք, որ մի «գեղեցիկ օր» կլինի Արցախի հայության հավաքական վերադարձը: Մեզ համար կարևոր է ոչ թե գուշակություններ անելը, այլ հավատալը: Հավատն ապրեցնում է, կյանք է տալիս: Ուրեմն, մենք՝ Ձեզ հետ միասին, գտանք բանաձև. նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կյանքն իմաստալից դարձնելու համար պետք է այդ կյանքով ապրել, արարել, ծրագրեր ու երազանքներ ունենալ, գործողություններ պլանավորել, կատարել փոքրիկ, բայց կառուցողական «ատոմային» քայլեր:

Որևէ տեղ հասնելու համար պետք է այդ ուղղությամբ գնալ: Հակառակ լուծում այդ խնդրի համար ինձ հայտնի չէ: Վերջում ցանկանում եմ իմ սիրելի հայրենակիցներին մաղթել ոգու ամրություն, դիմադրողականություն, անսահման հավատ ու անսպառ եռանդ, և, իհարկե, հավաքական վերադարձ: Հավատացեք. վերջը դեռ չի եղել: Վերջը երբեք չի գալիս: Լինում է դժվարություն, որը պետք է հաղթահարել:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031