Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ունի գին՝ ռուսական գազը թանկանալու է, ցորենը թանկանալու է․ եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ պետք է այլընտրանք գտնենք»

Հունվար 24,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։ Նախագիծը ներառվեց ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ։

Նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես եկան նախագծի հեղինակ արտախորհրդարանական ուժերի եւ քաղհասարակության ներկայացուցիչները։

«Ողբերգությունների գնով հասկացանք, որ անվտանգությունն անբաժանելի է, չի կարող առանձին տնտեսական զարգացում կամ ցուցանիշներ լինել, բայց չլինեն անվտանգության ասպեկտներ։ Եվ որտեղ Հայաստանին տարել են անվտանգության խոստումով, այնտեղ նվազագույնը չի ապահովվել ՀՀ նկատմամբ»,- իր ելույթում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Երբ ագրեսիա է տեղի ունեցել, երբ Հայաստանն ունեցել է պաշտպանության եւ դիմակայության մեծացման, լայնամասշտաբ պատերազմի, Արցախի վրա հարձակումը, Արցախի էթնիկ զտումը կանխելու հրամայականներ, պարզվել է՝ մենք հայտարարություններ ստացել ենք ոչ թե այնտեղից, որտեղ մեզ խոսք էին տվել, որ կապահովեն առնվազն այդ նեղ անվտանգությունը, որ մեզ վրա չեն հարձակվի, այլ այնտեղից, որտեղ հումանիզմի, քաղաքակրթության, զարգացման նշույլներն են։ Եվ, այո, այս օրինագիծը ոչ միայն մեր առաջընթացի, զարգացման մասին, այլ մեր անվտանգության մասին է»,- հավելեց Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասաց, որ այս ընտրությունը արժեքային, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ընտրություն է։ «Չի կարելի քննարկել, որ խիստ անհրաժեշտ է շարունակել մարդասպանների, հանցագործների, մարդակերների համակարգում մնալը։ Դա անընդունելի է հատկապես մեր վիրավորված ժողովրդի համար։ Մենք հպարտ ենք, որ այս գործընթացի նախաձեռնողը եղել է հայ ժողովուրդը, 60 հազար հայ քաղաքացիներ, անհրաժեշտության դեպքում նրանք կլինեն մեկ միլիոն, միլիոն ու կես։ Մենք վերադարձրեցինք հայ ժողովրդին պատմական սուբյեկտի կարգավիճակը։ Եվ դա ամենակարեւոր մասն է այս գործընթացի»,- ասաց Խզմալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը Հայաստանի ճակատին 2013 թվականին դաջված խարանը վերացնելն ու այդ ամոթից Հայաստանը ազատելն է։

«Մենք մեր անվտանգությունը զոհել ենք անհեռանկար ու չզարգանալու ուղղությանը։ Դա դիմաց ստացել ենք այն, ինչ ստացել ենք։ Եվ հիմա այս կորուստներից ու արհավիրքներից հետո վկայաբերել այլ պետությունների կարծիքներ ու այստեղ ցիտատներ բերել, ճիշտ չեմ համարում։ Այո, դժվար է լինելու, իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը հեշտ ճանապարհ ունի։ Բայց սա միակ ճանապարհն է ՀՀ համար՝ որպես ինքնիշխան պետություն։ Սա ունի գին՝ ռուսական գազը թանկանալու է, ցորենը թանկանալու է, պետք է հասկանանք՝ այդ հարցերը մենք կարողանո՞ւմ ենք մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ կոմունիկացնել եւ հասկանալ՝ որոնք են լինելու այլընտրանքները։ Ես վստահ եմ, որ կան այլընտրանքներ, եւ կառավարության կարողություններից է կախված այդ այլընտրանքները սեղանին դնելը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց․ «Ուժի սպառնալիքի ներքո ստորագրված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մենք մեկ գիշերվա ընթացքում դարձանք Մաքսային միության անդամ։ Ո՞նց կարող են պետությանը սպառնալիքի ներքո մտցնել մեկ այլ Մաքսային միության կազմի մեջ ու դա համարել նորմալ։ Այսօրվա իշխանությանը ես հենց դրա համար եմ քննադատում, որ  շարունակում են մնալ այդ սպառնալիքի ներքո ընդգրկված կառույցի մեջ։ Այս նախաձեռնության գործընթացը այդ սպառնալիքի, պատանդի կարգավիճակից դուրս գալու մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031