Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP, Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության գործընթացի մեկնարկ է դարձել։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Էլեն Քոքչյանը զրուցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
– Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայի աջ ծայրահեղական ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը նախորդ տարի հանդես եկավ ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով, սակայն դրա համար նախապայման առաջ քաշեց։ Ինչո՞ւ նա հանկարծ որոշեց այդպիսի կոչ անել։
– Շատ կարևոր հարց է սա։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ժամանակակից Թուրքիան ձգտում է աշխարհում իր դիրքն ու հեղինակությունը բարձրացնել և արդյո՞ք կարող է լուծել իր ներքին կարևորագույն խնդիրը՝ քրդական հարցը։ Այդ խնդրի մասին արդեն տարիներ շարունակ նաև արտաքին քաղաքական իր արտահայտումն ունի մասնավորապես Սիրիայում։ Այս խնդիրը ծառացած է թուրքական պետականության առջև, թե արդյո՞ք խաղաղ ճանապարհով հնարավոր է լուծում գտնել քրդական հարցին։
Կարդացեք նաև
Դևլեթ Բահչելիի հնչեցրած այդ կոչը, ըստ իս, պիտի ընկալել որպես թուրքական վերնախավի կողմից քրդական հարցի լուծման ուղղությամբ նոր գործընթաց սկսելու փորձ։ Եղել են փորձեր թուրքական ղեկավարության կողմից, մասնավորապես, հենց Էրդողանի կառավարման շրջանում, որոնք չեն տվել արդյունք։ Հիմա տեսնում ենք՝ հերթական փորձն է արվում։ Իսկ Դևլեթ Բահչելին թուրքական վերնախավի ամենաազդեցիկ մասնակիցներից է, դե իսկ իր կուսակցությունն իշխող ուժի հետ կոալիցիայի մեջ է։ Փորձ է արվում այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել։
Բահչելիի հայտարարությունը սկզբնական շրջանում միանշանակ չընդունվեց և՛ թուրքական, և՛ քրդական շրջանակների կողմից։ Բայց այդ գործընթացը, ըստ էության, շարունակվեց։ Պետք է ասել, որ հիմա այդ խնդրի լուծման հանգրվանը բավական նշմարելի է։ Մասնավորապես, Օջալանի հետ հանդիպել են քրդամետ կուսակցության գործիչները։
– Լուրեր են շրջանառվում, որ մոտ ապագայում Օջալանը կդիմի իր կուսակիցներին և քուրդ ժողովրդին՝ զենքերը վայր դնելու կոչով։ Դուք դա իրատեսական համարու՞մ եք։
– Նրանց եզրակացությունը հետևյալն է․ փետրվարի 15-ին սպասվում է, որ Օջալանը հանդես գա կոչով՝ ուղղված քրդական շրջանակներին, մասնավորապես «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», որպեսզի վերջինս նախընտրի խաղաղ ճանապարհով լուծել քրդական խնդիրը։
Օջալանի կողմից ավելի մեղմ հայտարարություն կլինի, բայց իմաստը դա կլինի, որ խաղաղ ճանապարհով լուծում գտնել քրդական հարցին Թուրքիայում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում