Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ:
«Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը: Կարեւոր է, որ Հայաստանում բարելավվեն ստանդարտները, ամրապնդվի քաղհասարակության դերը, իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք խորհրդով, փորձով, դիվանագիտական աշխատանքով եւ գործնական քայլերով օգնել ձեզ այդ ճանապարհն ավելի դյուրին անցնելու համար»,- ասել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, երախտագիտություն հայտնելով պատվիրակության` Հայաստան այցելելու համար, նշել է` այս այցը ցույց է տալիս, որ նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: «Կարծում եմ, որ դա նաեւ հստակ աջակցություն է Հայաստանի քաղաքական դիմակայունությանը»,- ընդգծել է պատգամավորը:
Կարդացեք նաև
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ պատվիրակության կազմում ընդգրկված երկրների դիրքորոշումը: Արման Եղոյանն արժեւորել է «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, որը կարեւոր է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական առումով: Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությունից` հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում որոշում կկայացվի երկարաձգելու առաքելության մանդատը:
Հանդիպմանը հանձնաժողովների անդամները կարեւորել են ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումն ու մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնումը, խոսել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին:
Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց մասին, կարեւորել այդ հարցում միջազգային գործընկերների գործուն քայլերը:
ԱԺ