Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում. Նարեկ Մկրտչյան

Հունվար 24,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Բարձր գնահատելով Եվրամիության հետ համատեղ կատարված աշխատանքների դերը՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է դրանց կարևորությունը հատկապես ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործում․ «ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը մեզ էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում։ Իրականացվող միջոցառումները ևս մեզ ոչ միայն առկա խնդիրներին անդրադառնալու կարճաժամկետ հնարավորություն են տալիս, այլև կարևոր փաստահենք օրինակներ են ծառայում առաջիկա ինստիտուցիոնալ բարեփոխումների համար»,- ասել է նախարարը՝ որպես օրինակ առանձնացնելով․ «ԵՄ և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվում է e-քարտերի տրամադրման ծրագիրը, որն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործում կարող է պիտանի գործիք լինել»։

Իր խոսքում Անդրեաս Պապակոնստանտինուն ևս շեշտել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին՝ վերջինս ընդգծել է ՀՀ կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում համագործակցելու ուղղությամբ։

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031