Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումը տարակուսանք, խառնաշփոթ ու դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնի հայտարարագիր՝ մանրամասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաշիվներին մուտքագրված գումարի չափը։ Որքանո՞վ են պատրաստ թե՛ պետական համակարգը, թե՛ քաղաքացիները այս նոր պահանջին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլ է։
«Հայտարարագրման համակարգի ներդրման առաջնային նպատակը ՀՀ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքելու հնարավորությունների, մեխանիզմների ստեղծումն է, որը պետք է օգտագործվի հետագայում նաեւ պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի իրագործման, դրանց թիրախայնությունն ապահովելու համար»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը: Նրա ձեւակերպմամբ, պետությունն ուզում է հասկանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչպիսի եկամտային պորտֆել ունեն:
«Թերես սա է պատճառը, որ հայտարարագրման համակարգի մասնակից են այն քաղաքացիները, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, որոնք տարվա մեծ մասը բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: Դրանք այն մարդիկ են, որոնք հետագայում հասցեատեր են լինելու պետական աջակցության ծրագրերին»,-ասաց Օրի Ալավերդյանը: Նրա ձեւակերպմամբ, հայտարարագրման համակարգը նորույթ չէ եւ գործում է 1995 թվականից:
Կարդացեք նաև
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ասում է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում. «Քաղաքացիների համոզմամբ, այս ամենն արվում է, որ հետո տուգանքի ենթարկվեն: Բայց նաեւ այս ամեն ինչի պատճառն այն է, որ քաղաքացիներին չէին պատրաստել այս ամենին: Ուստի նորմալ ու արդարացի է քաղաքացիների բողոքը, որովհետեւ դաշտը դատարկ էր, դրա համար՝ լցված ապատեղեկատվությամբ: Իրազեկվածության բացն է բերում ցայտնոտին: Սա նաեւ ցավոտ բեռ է աշխատող մարդու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք բազմաթիվ աշխատող աղքատներ:
Մարդը պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, ինչի համար պետք է վճարի 3000 դրամ, պիտի բջջային հեռախոսի մեջ համակարգն ակտիվացնելու համար քարտը փոխի, որն արժի մոտավորապես 500 դրամ, հետո կրկին պետք է վճարի այլ գումարներ: Անկախ նրանից՝ դա 1000 դրամ է, թե 10000 դրամ,աշխատողի համար լրացուցիչ բեռ է: Մարդը չէր նախատեսել իր ծախսերի մեջ այդ 1000 կամ 3000 դրամը: Եվ հաջորդը՝ մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին, կայքերից օգտվելուն: Հիմա արդեն գովազդներ կան հաշվապահական ծառայությունների, որոնք 15000 դրամի դիմաց առաջարկում են հայտարարագրել քո եկամուտները: Այսինքն, մենք ցանկացած աշխատող մարդու վրա լրացուցիչ բեռ ենք դնում»: Էլեն Մանասերյանը կարծում է, որ հայտարարագրման համակարգի ներդրումն իր նպատակին չի ծառայի:
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանի խոսքով, երկու տարի առաջ խոսվել է, թե ինչ խնդիրներ կարող էին ծագել նման ձեւով համակարգը ներդնելուց. «Հիմա ԱԺ պատգամավորները իրար հերթ չտալով սկսել են ուղերձներ հղել բնակչությանը: 2022թ, երբ այս համակարգը ներկայացվում էր, ասվում էր, որ միջազգային պրակտիկայում կիրառվող հայտարարագրի հետ սա ընդհանրապես կապ չունի: Դրսում հայտարարագրման համակարգը շեմ ունի, ոչ բոլոր անձինքն են հայտարարագիր ներկայացնում, եւ եկամուտների շեմ կա, որից ցածր եկամուտ ստացողները պարզապես հայտարարագիր չեն ներկայացնում: Բացի դրանից, այնտեղ հայտարարագիր են ներկայացնում ու գումար են հետ ստանում»:
Մանրամասն տեսանյութում՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի