«Սա Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց չէ, սա որոշում է՝ այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ այս նախագիծը ներկայացվել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից։
Արտակ Զեյնալյանն ասաց․ «Մենք ոչ թե առաջարկում ենք, որ ԱԺ-ն ընդունի օրենք ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, այլ գործընթացի մեկնարկը հռչակելու վերաբերյալ։ Սրանք տարբեր բաներ են։ Այսինքն՝ այս եզրակացությունն այդքանով արդեն իսկ խոցելի է»։
Արմեն Գեւորգյանն ասաց․ «ԱԺ փորձագիտական եզրակացության հեղինակներն այնուամենայնիվ ուզում են հիշեցնել բոլորիս, որ նմանատիպ վերպետական մարմիններին անդամակցությունը բացառապես հանրաքվեով որոշվող հարց է»։
Կարդացեք նաև
Գեւորգյանը նաեւ հարցադրում արեց՝ եթե ՀՀ-ն շարունակում է մնալ այլ կազմակերպությունների, օրինակ, ԵԱՏՄ անդամ եւ ունի ստանձնած պարտավորություններ, պե՞տք է այնպիսի քայլեր անել, որոնք այդ պարտավորություններին հակասելու են։ «Արդյոք ավելի տրամաբանական ու արդարացի չէր լինի՞ ասել, որ սկսելով այս պրոցեսը՝ պետք է դադարեցնենք անդամակցությունն այնտեղ»,- հարցրեց նա։
Արտակ Զեյնալյանն ասաց, որ եթե կարիք լինի որոշում ընդունել՝ անդամակցել ԵՄ-ին, այդ դեպքում կառավարությունը կնախաձեռնի հանրաքվե։ «Սա դրա մասին չէ խոսքը, սա հայտարարություն է՝ գործընթացի մեկնարկի մասին, սա քաղաքական գործընթաց ու նպատակ է»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, Արտակ Զեյնալյանն ասաց․ «Եթե խոսքը վերաբերում է ԵԱՏՄ կոչվող Մաքսային միությանը, ապա ՀՀ-ն միաժամանակ չի կարող անդամակցել ԵԱՏՄ-ին եւ լինել մեկ այլ մաքսային միության անդամ։ Եվ Հայաստանը, որպես ինքնիշխան ու անկախ պետություն, կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը եւ որոշել ներգրավվել որեւէ կոնֆեդերացիայի կազմ։ Դա ինքնիշխան որոշում է։ Եթե խոսքը վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա կարող է արվել միայն համապետական հանրաքվեի արդյունքներով»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ նշեց, որ, բնականաբար, ԵՄ-ին անդամակցություն առանց հանրաքվեի չի լինի։ «Գործընթացի հերթականությունը սահմանելու է Եվրամիությունը՝ սկզբում համագործակցության համաձայնագիր, հետո գործընկերության համաձայնագիր, հետո ասոցացման համաձայնագիր, հետո թեկնածուի կարգավիճակն է, հետո անդամակցության մասին բանակցությունների մեկնարկն է, հետո արդեն բուն անդամակցության որոշումն է։ Այս բոլոր փուլերի համար անհրաժեշտ են բանակցություններ Եվրոպական միության խորհրդի որոշումներ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Գեւորգյանը հարցրեց․ «Մենք հասկանո՞ւմ ենք՝ աշխարհաքաղաքական, տնտեսական իմաստով ի՞նչ փորձության ենք ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ ընդունում ենք այս օրենքը եւ մոտարկում ենք Եվրամիությանը եւ շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ՝ ենթադրելով,որ ԵԱՏՄ-ն մեծահոգաբար հանդուրժող է լինել մեր այդ ձգտումներին»։
«Պարոն Գեւորգյան, դուք ԵԱՏՄ ասելով՝ նկատի ունեք Ռուսաստա՞ն, որովհետեւ ԵԱՏՄ-ն հանդուրժող լինել-չլինելու ինստիտուտ չունի»,- արձագանքեց Արման Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ