«Ազատություն». Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապի միջոցով ունեցած ելույթում։
Նավթի գները չափազանց բարձր են, դա էլ թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել Ուկրաինայի հետ հակամարտությունը, նկատել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով նավթի խոշոր արդյունահանողներին իջեցնել նավթի գինը։
«Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին ( ՆԱԵԿ – Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կխնդրեմ իջեցնել նավթի գինը։ Այն պետք է իջեցնել։ Եթե գինն իջնի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն անմիջապես կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հույս ունի շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա նշել է, որ Ուկրաինան «պատրաստ է գործարք կնքել», սակայն մանրամասներ չի հայտնել Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունների մասին։
Կարդացեք նաև
Ընդգծելով, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները «շատ լավ են»՝ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի ԱՄՆ-ին դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։