«Փաստինֆո. Նախօրեին Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ թալանել են իր տունը, տարել են ոսկյա զարդեր, կանխիկ դրամ, ընդհանուր վնասը կազմել էր 7.5-8 մլն դրամ, ընդ որում՝ գողացվել էր նաև 3 մլն դրամ կանխիկ գումար։
«Փաստինֆոն» առանձնացրել է Հրաչյա Հակոբյանի 2024 թ.-ին ներկայացրած 2023 թ.-ի տարեկան հայտարարագիրը։ Հատկանշական է, որ ոսկյա զարդեր Հակոբյանը չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է 2.5 մլն դրամ կանխիկ գումար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 1 հողամաս և 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ նրա հայտարարագրում այդ ժամանակ չկային ո՛չ դրամական միջոցներ, և ոչ էլ եկամուտներ։
Արդեն 2024 թվականին նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, այդ թվում՝ 2005 թվականին գնված երկու հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որոնք տնօրինում է միանձնյա:
Կարդացեք նաև
2023 թվականի մայիսին Հրաչյա Հակոբյանը գնել է 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենա, որի համար, ըստ հայտարարագրի, վճարել է 18 միլիոն դրամ։
Պատգամավորը բանկային հաշվի մնացորդներ է գրանցել մի քանի բանկում, մասնավորապես տարեվերջին նրա մի բանկային հաշվին եղել է 11 600 դոլար, մյուսի վրա 2 000 եվրո, երրորդի վրա՝ կազմելով ավելի քան 3.2 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանի աներձագը նաև հայտարարագրել է Բ26 ՍՊԸ-ում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը: