Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-իրանական ռազմավարական դաշնագրում տեղ գտած դրույթների շուրջ ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ անմիջականորեն առնչվում են նաեւ Հայաստանին. «Ազգ»

Հունվար 24,2025 11:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ո՛չ Թեհրանն է պաշտոնապես եւ հրապարակավ արձագանքել հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրմանը, ո՛չ էլ Երեւանը՝ ռուս-իրանական համագործակցության փաստաթղթին:

Մամուլի հրապարակած զուսպ ու ոչ այնքան շռայլ հաղորդագրություններից տեղեկացանք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Մոսկվա եւ ստորագրել Իրանի հետհեղափոխական շրջանի կարեւորագույն դաշնագրերից մեկը:

Իրանի ժամանակակից պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Թեհրանին հաջողվել է ստորագրել ավելի նպատակային, անգամ ավելի նշանակալի դաշնագրեր: Սակայն Իրանը դեռեւս նման տարողունակ ու բազմաբովանդակ ռազմավարական դաշնագիր ոչ մի երկրի հետ չի կնքել:

Նույնիսկ Վաշինգտոնի հետ շահական Իրանի բացառիկ հարաբերությունների պայմաններում այդպիսի առարկայական ու հստակ ձեւակերպումներով փաստաթուղթ չի ստորագրվել:

Փաստաթուղթը նույնիսկ նախատեսում է կողմերի փոխգործակցությունը միմյանց երկրներում ծավալվող զինված ապստամբություններն ու հեղափոխական շարժումները ճնշելու հարցում:

Թեեւ այս համաձայնագիրը կազմվել է 20 տարի ժամկետով, սակայն նշված է, որ 20-ամյա ժամկետի ավարտից հետո այն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել եւս հինգ տարի ժամկետով: Անշուշտ, նախատեսված են նաեւ կողմերի որոշմամբ համաձայնագրից դուրս գալու պայմանները:

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված Համապարփակ ռազմավարական համաձայնագիրը, ի տարբերություն համագործակցության որոշ այլ փաստաթղթերի, Իրանում նաեւ պետք է արժանանա Մեջլիսի հաստատմանն ու ամրագրվի Պահապանների խորհրդի կողմից, որպեսզի դառնա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ:

Անշուշտ, այս փաստաթղթում տեղ գտած դրույթների շուրջ ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ անմիջականորեն առնչվում են նաեւ Հայաստանին: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին վերաբերող Համաձայնագրի 14-րդ հոդվածը, ինչպես նաեւ հաղորդակցական ճանապարհներին ու միջանցքներին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջանցքի գործարկմանն ու էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը վերաբերող Համաձայնագրի՝ համապատասխանաբար 22-րդ ու 23-րդ հոդվածներն անմիջականորեն առնչվում են Հայաստանին:

Բայցեւայնպես, նախատեսված դրույթների գործարկման համար անհրաժեշտ է լինելու ստանձնած պարտավորությունների նկատմամբ կողմերի վճռականությունն ու քաղաքական կամքը, ինչպես նաեւ Թեհրանի ու Մոսկվայի առաջնահերթությունների ներկայիս մակարդակի պահպանումը, որն աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում չի կարող երաշխավորված լինել ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Մոսկվայի կողմից:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031