Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որին իշխող կուսակցությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, չորեքշաբթի օրն անսպասելիորեն հրաժարվեց իր թեկնածությունից, չնայած արդեն հանդես էր եկել ԱԺ-ում, պատասխանել ընդդիմադիրների բոլոր թունոտ հարցերին։ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սիրունյանը հրաժարվել է՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքը։ «Ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, եւ պարզաբանվելուց հետո, հետագայում եթե առիթ լինի, կխոսենք»,- նշել էր նա։ Սակայն պարզ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն այդ օրը չի հայտնի դարձել, եւ այն պետք է դեր խաղացած լիներ մինչ այդ` ուղղակի Սիրունյանի թեկնածությունը չառաջադրեին: Բայց ներկայացնել ԱԺ, քննարկել թեկնածությունը, հերթագրվել ելույթների համար, ապա հրաժարվել ելույթներից ու հայտարարել, որ Սիրունյանն է հրաժարվել իր թեկնածությունից, առնվազն ՔՊ-ի անմեղսունակ կամ անհավասարակշիռ վարքի մասին է խոսում:
Հիշեցնենք, որ սորոսական ՀԿ-ներն էին նրա թեկնածությանը դեմ, իսկ ընդդիմադիրները հայտարարում էին, որ նա սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտություններ է տարածել: «Հրապարակը» զրուցել է Ալեքսանդր Սիրունյանի հետ:
– Իրականում ի՞նչն էր պատճառը, որ վերջին պահին Ձեր թեկնածությունը հանեցիք: Չէի՞ք ենթադրում, որ Ձեր գրառումներն Ազգային ժողովում սուր քննադատության առիթ կարող են դառնալ:
– Իմ գրառումների հետ կապված արձագանքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Իմ ողորմածիկ հերն ինձ երկու տարեկանից ծեծում էր քֆուր տալու համար: Ես Կոնդում եմ մեծացել, ինձ երեւի լավ չեն ճանաչում ոմանք, ես կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան… ինձ երկու հարց ստիպեց, որ այս քայլին գնամ` հողի հետ կապված հարցը, որի մեջ բացարձակ թեմա չկա իրականում: Մյուսն էլ զենքի ֆիրմայի հետ է կապված: Հողից սկսեմ. 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսն էր, գնացել էի Հրազդան, ընկերներիցս մեկի հետ հանդիպման, հեռախոսիս զանգ եկավ, հազար տարվա ընկերս էր: Ասում ա` ՀՔԾ-ն ինձ տարավ: Ինձ, որպես փաստաբանի, օգնության կանչեց: Թեման էլ ինչ էր` հայտնի պատմություն էր, որոշ մարդիկ, իմանալով, որ Աբովյան քաղաքի կողքի գյուղերը մտնելու են Աբովյան քաղաքի կազմի մեջ, հողերն էժան վաճառում են` գյուղի հողատարածքի գնով: ՀՔԾ-ում գործ են հարուցում, պետությանը պատճառված գումարի չափը 350 միլիոն դրամ է կազմում: Այսինքն, հողերը վաճառում են տասնապատիկ անգամ ավելի էժան: Մեր գրասենյակում այնպես է իրավիճակը, որ հաճախորդի հետ պետք է կոնկրետ խոսես: Փաստաբանի համար հաճախորդից թանկ բան չկա: Մի խոսքով, այս գործում հաջողություն եմ ունենում, այնպես եմ անում, որ մեղավորները վճարում են պետությանը պատճառած վնասը, ընկերս էլ, որ պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում ու կալանավորվել էր, որպես շնորհակալություն, ինձ հող է նվիրում` Հանքավանում: Մոտիկ մարդ էր, ես նրանից հաստատ փող չէի վերցնելու: Հազար տարվա ընկերներ ենք: Էդ որ հիմա ասում են՝ Ծաղկաձոր, էդ տարածքը նոր է միացել Ծաղկաձորին: Հիմա ինձ ասում են` ինչի՞ ես էսքան թանկ հող ստացել նվեր Ծաղկաձորում, ասում եմ՝ Հանքավանի ամենավերջն ա, ձեր ցավը տանեմ, հետո՞ ինչ, որ դարձել է Ծաղկաձոր հիմա, եւ հետո՝ նվեր եմ ստացել հարազատ մարդուց: Դե հիմա արի սրանց բացատրի, որ եթե բարեկամական կապ չկա, նոտարները չեն ձեւակերպում նվերը, այդ պատճառով էլ փոքր թիվ ենք գրել, ի՞նչ կա այդտեղ: Մյուս դրվագը կապված էր բանակին փամփուշտ մատակարարող ընկերության հետ, որում նաեւ իմ անունն է շրջանառվում: Շատ փակագծեր չբացեմ: Ես գիտեի, որ նման խոսակցություններ լինելու են, բայց ինձ չգիտե՞ք` ես տոռմուզ չունեմ:
Կարդացեք նաև
– Բայց ինչո՞ւ այս հարցում «տոռմուզ» արեցիք` հրաժարվեցիք:
– Այն, ինչ ես հայտարարել եմ, բառացի ճշմարտությունն է: Ինձ մերժում են քաղհասարակությունն ու խորհրդարանական ընդդիմությունը: Բայց գիտեք, չէ՞, քաղհասարակության ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարվում են, որ իմ դեմ բան են ստորագրել: Դե, մարդիկ կան, որ դատվում էին հարազատ մորը բռնաբարելու համար, հիմա իմ դեմ են խոսում, քննադատում են, չեմ հասկանում, թե ինչի մասին են խոսում: Հայտնի քաղհասարակությունից մեկը` Վանաձորից, մեկը` Գյումրիից, խաբար են ուղարկել եւ հավաստիացրել, որ իմ դեմ ոչ մի թղթի տակ չեն ստորագրել: Էն, որ արդեն չգիտեմ, թե ում հավատամ: Ես իրոք անթերի չեմ, խուժան եմ:
– Այդ դեպքում ինչո՞ւ էիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
– Ես չէի առաջադրել, ինձ առաջադրել էին: Երդվում եմ` ես մատս մատիս չեմ խփել: Ես` իմ փաստաբանությունը, այլ բան չեմ ուզում: Զուտ կուսակցական կարգապահությունից ելնելով համաձայնեցի: Փաշինյանի հետ ընդհանրապես չեմ խոսել այս թեմայով: Ուղղակի ես, տեսնելով, թե ինչ է կատարվում, Սերժի ասած` ասացի` «սիրուն չի»: Բայց թող մի օր անցնի, կուսակցության անդամների հետ քննարկեմ, հետո նոր հայտարարեմ, որ հանում եմ իմ թեկնածությունը: Խոսեցի ղեկավարության հետ, բայց Փաշինյանն այնտեղ չէր: Թող ուսումնասիրեն, քննեն, եթե թեմա կա, թող ընթացք տան, եթե չէ` ավելի լավ: Ինչո՞ւ թողնենք՝ ինչ ասես խոսեն, դա մեզ պետք չէ: Ես իմ բնույթով էս տեսակն եմ: Ես փաստաբան եմ, շարունակելու եմ իմ գործը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: