Լրահոս
Օրվա լրահոսը

Բանը կարող է աբսուրդի հասնել` ասենք մի օր էլ որոշեն, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք վերանվանել Հայաստանի Պետական ժողով, Սահմանադրության մեջ բոլոր ազգային բառերը փոխարինել պետականով. «Ազգ»

Հունվար 24,2025 10:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ու ասենք եթե երգենք` մեր պետությո՜ւն, թշվ…., վայ, կներեք, ազատ- անկախ, իսկ հիմնի վերջին տողը դարձնենք` «Թող միշտ պանծա Հայաստան»` հանուն երկրի զոհվելը բացառելով, կամ ազգային բառը ջնջենք մեր մշակութային-կրթական հաստատությունների վրայից, հայրենիք բառն ամենուր փոխարինենք պետություն բառով, ապա անմիջապես կդառնա՞նք համաշխարհային նշանակության պետություն: Ակնհայտ է, որ սա սերմանողները եթե տարբեր պատճառներով մոլորության մեջ չեն, ապա թշնամու կամ մեր երկիրը թուլացնել ցանկացողների պարտադրանքի տակ են: Հիմա աշխարհում դեպի սեփականն ու ազգայինը վերադառնալու շարժընթացներն են, Թրամփի գործելակերպը ձեզ օրինակ, իսկ մեր իշխանավորները հիմա ընկել են հակառակ տրամաբանության մեջ: Բանը կարող է աբսուրդի հասնել` ասենք մի օր էլ որոշեն, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք վերանվանել Հայաստանի Պետական ժողով, Սահմանադրության մեջ բոլոր ազգային բառերը փոխարինել պետականով, հայրենիք եւ ազգային բառերի արտաբերումն ընդհանրապես քրեականացնել, թե բա` պետություն, պետական մտածողություն:

Մեր այս դիտարկումն արձագանք է` մշակութային հաստատությունների անվանման մեջ ազգային բառը հանելու, մեր հիմնին հերոսական երանգներ հաղորդելու օրենսդրական նոր կարգավորումներին եւ վարչապետի անվերջանալի սիրողական խոսույթին` այս կամ այն թեմայով: Ու շատ կուզեինք, որ վերջինս իր փիլիսոփայական տաղանդը բացահայտելու եւ դրսեւորելու անպարագիծ ջանքերն ուղղեր միայն երկրի անվտանգության ու տնտեսության ամրապնդմանը, իր իսկ եւ Արարատ Միրզոյանի կողմից վերջերս հաճախ արտաբերած բալանսավորված արտաքին քաղաքականության կառուցմանը: Այսինքն` իր իսկական գործառույթներով զբաղվեր, ու ոչ թե ամենօրյա ռեժիմով հանրությանը նետեր անհասկանալի եւ մարդկանց կողմից բացասաբար կամ սարկազմով ընդունվող խոսույթ:

Այս բարդ, բազմատակ իրողությունների ֆոնին ինչո՞վ է զբաղված հայ հանրությունը ամիսներով, շաբաթներով: Տրանսպորտի թանկացման եւ երթեւեկության համար պատրաստված անհեթեթ փաթեթները քննարկելով, դրանց թվային հասանելիության դժվարին կարգի գլուխկոտրուկների վրա ժամանակ եւ նյարդեր վատնելով, հունվարից վրա հասած շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման եւ այլ թանկացումների դեմ բողոքելով, էլ ավելի խուճուճ ու հենց հորինողների համար իսկ խճողված համընդհանուր հայտարարագրման կարգից հասկանալ փորձելով, թե ի՞նչ է սպառնում դրանից ամեն մեկիս: Ասենք`առցանց պաշտոնյաների եւ վարչապետի էջերում արտահայտված տոտալ դժգոհության հետեւանքով հապշտապ մտցված 300 հազ. դրամի չհարկվող շեմը ի՞նչ է նշանակում` պե՞տք է հայտարարագրել, թե չհայտարարագրել: Կամ էլի բողոքների արդյունքում տրանսպորտի սակագները փետրվարի 11-ին վերանայել խոստացող Ավինյանի բլեֆը ո՞ր աստիճանի է: Հանրությանը վրա հասած գլխացավանքների թվում են նույնականացման քարտի եւ էլեկտրոնային ստորագրության արագ ձեռքբերումը, որոնք հայտարարագրման համար պարտադիր պայման են:

Մի խոսքով` հանրությանն այնպես են ծանրաբեռնել բարդ տեխնիկական եւ իր գրպանին հարվածող խնդիրներով արդեն ամիսներ, եւ առաջիկա ամիսներին էլ դեռ զբաղեցնելու են (չգիտենք` դիտավորյալ, թե լրիվ պատահաբար), որ նա չկարողանա անգամ քիթ սրբելու կամ սահմանազատման, անվտանգային խնդիրների մասին մտածելու, կամ թանկացումների դեմ բողոքելու ժամանակ ունենալ: Ու մի օր արթնանա, երբ բանը բանից անցած լինի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031