Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Բաքվում կատարվողը՝ որակելով քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարություններ. «Ազգ»

Հունվար 24,2025 09:30

Բաքվի ապօրեն դատավարության մասին գրում է նաեւ գերմանական «Շթեռնը»: Ռուբեն Վարդանյանի լուսանկարով «Ադրբեջանը դատում է ԼՂ նախկին ղեկավարությանը» վերնագրյալ հոդվածն այսպես է սկսվում՝ «2023 -ին ԼՂ հայաբնակ անկլավը վերագրավելուց հետո ավտորիտար Ադրբեջանը 16 հայ առաջնորդների դատի է տալիս: Բաքվում նախատեսվում է սկսել երկու քրեական դատավարություն: Միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (հայերեն Արցախի ընդգծում է «Շթեռնը») կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն անհատապես մեղադրվում է, ի շարս այլ բաների՝ ահաբեկչության, մարդկության եւ Ադրբեջանի պետության դեմ հանցագործությունների մեջ»:

Այնուհետ «Շթեռնը» հղում անելով ադրբեջանական պետական լրատվամիջոցներին՝ հավելում է, որ «Բաքվում դատվում են ԼՂ-ից եւս 15 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վերջին նախագահ Արայիկ Հարությունյանը: Գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են սույնը՝ որակելով քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարություններ, նաեւ կոչ արել Գերմանիայի դեսպանատանը տեղում հետեւել դատավարության ընթացքին», իրազեկում է «Շթեռնը»:

«ԼՂ հակամարտությունը Դավոսի ֆորումում. Խնդիրները պիտի լուծում գտնեն այնտեղ, որտեղ ծագել են» վերնագրով հրապարակումը, որ հունվարի 22-ին տեղ է գտել «Դի վելթվոխե» (թրգմ. «Շաբաթն աշխարհում») առցանց լրատվականում, տպավորում է սուր եւ սրտացավ տեսակետով: Հեղինակը շվեյցարացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էրիհ Ֆոնթոբելն է (Erich Vontobel):

«Այս շաբաթ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող հանդիպմանը կարող է մասնակցել նաեւ Դաշնային խորհրդի անդամ Կասիսը (նա նաեւ արտգործնախարարն է- Ան. Հ.): Դավոսի Կոնգրեսի կենտրոնի փայլեցված արտաքին ճակատի հետեւում մութ ստվերներ են՝ Բաքվում ցուցադրական դատավարություններ են ընթանում 100,000 հայերի ներկայացուցիչների դեմ, որ ԼՂ-ից տեղահանվել էին 2023-ի սեպտեմբերին: Համաշխարհային քաղաքականության շամպայնի զրնգացող բաժակներից հեռու՝ ԼՂ փախստականներն ապրում են ծայրահեղ դժվար պայմաններում», գրում է շվեյցարացի պատգամավորը:

«Այն մարդիկ, ում հանդիպել եմ 2024-ի հոկտեմբերին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, ձայն չունեն Դավոսում: Ադրբեջանը կամենում է նրանց մոռացության մատնել, քանի որ ցանկանում է նվաճված շրջանը մահմեդական ադրբեջանցիներով վերաբնակեցնել: Հայաստանը նույնպես՝ գերադասում է լռեցնել իր ժողովրդին, քանի որ վախենում է գերզինված, ագրեսիվ իր հարեւանից: Իսկ Շվեյցարիայի՞ ԱԳՆ-ն: Այնտեղ էլ կնախընտրեն հարցին չանդրադառնալ, թեեւ Շվեյցարիան երկար տարիներ զարգացման թանկարժեք օգնություն է տրամադրում տարածաշրջանին: Անցյալ տարի միջազգային դատարանը վճռեց, որ հայ փախստականները կարող են վերադառնալ, եւ մեր դաշնային նախկին նախագահ Վիոլա Ամհերդը վերջերս հաստատեց այս պահանջը: Բայց Ադրբեջանը հրաժարվում է անհրաժեշտ երաշխիքներ տալ: ԱԳՆ- ն, որը հետեւում է միջազգային յուրաքանչյուր դատարանի, այստեղ հրատապություն չի տեսնում: Ի վերջո, բոլոր կողմերը հույսը դնում են միջնաժամկետ հեռանկարում խնդրի լուծման վրա՝ փախստականների Արեւմուտք, այդ թվում՝ Շվեյցարիա մեկնելու միջոցով, ինչպես  Մերձավոր Արեւելքի միլիոնավոր քրիստոնյաների պարագայում արդեն եղել է», գրում է հեղինակը եւ շարունակում. «Հետեւաբար, քրիստոնյա ժողովրդի հետ եղբայրության,  համերաշխության խնդիր չէ միայն, այլ Շվեյցարիայի շահերից է բխում նաեւ քայլեր ձեռնարկելը: Չեզոքության քաղաքականությունը չպետք է նշանակի, թե փակում ենք մեր աչքերն ու վճարում հաշիվը: Անցյալ աշնանը ես միջնորդություն էի ներկայացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ կոչ անելով խաղաղ համաժողով կազմակերպել՝ բանակցելու ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ: Շվեյցարիան կարող է անփոխարինելի ներդրում ունենալ կողմերի միջեւ միջնորդության գործում: Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ ուղղակիորեն օգուտ է բերում մեզ: Դեկտեմբերին Ազգային խորհրդի մեծամասնությունը կողմ է քվեարկել նախագծին, իսկ վերին պալատը այն կքվեարկի գարնանը: «Այո»-ն հալածյալ քրիստոնյաներին ուղղված մեր համերաշխության ազդանշանից բացի, մեր համոզմունքի արտահայտումն է նաեւ՝ խնդիրները պետք է լուծվեն այնտեղ, որտեղ դրանք առաջացել են»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031