Իշխանական քարոզչությունը պնդում է, թե «Արցախ» պետք չի ասել, պետք է ասել «Ղարաբաղ», որպեսզի Ադրբեջանը պատրվակ չունենա Հայաստանի վրա հարձակվելու: Ի դեպ, դրանից կարելի է եզրակացնել, որ երբ 2020 թվականի օգոստոսին BBC-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի հայկական անունն է, եւ հայերն այնտեղ ապրել են 5000 տարի, նա Ադրբեջանին հարձակվելու պատրվակ էր տալիս:
Բայց, եթե խոսքը պատրվակների մասին է, ապա պետք է ավելի զգուշավոր լինել, եւ, օրինակ, Ստեփանակերտի փոխարեն ասել «Խանքենդի»: Իսկ գուցե Սեւանի փոխարեն՝ «Գյոկչա»՝ ադրբեջանցիների զգացմունքները չվիրավորելու համար:
Հիմա Ալիեւը կազմակերպել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների դատը՝ մի քանի նպատակով: Կարեւորներից մեկն է՝ ապացուցել, որ ղարաբաղյան շարժումը, Արցախի ազատագրումը, այդ տարածքում պետություն ստեղծելը եւ ինքնապաշտպանությունը ծանրագույն հանցագործություններ են: Հայաստանի ղեկավարությունը նույնպե՞ս այդպես է կարծում: Համենայնդեպս, նիկոլական զանգվածի սոցցանցային մեկնաբանություններից կարելի է այդ հետեւությունն անել: Բայց գուցե դա նույնպես նուրբ քաղաքական հաշվա՞րկ է, եւ այդ դատավարության անարդար լինելու մասին որեւէ խոսք ասելը կարող է վնասել «խաղաղությունը կառուցելուն» եւ «խաղաղության խաչմերուկ» դարակազմիկ ծրագրին:
Թերեւս այդ ծրագրերին օգնի նաեւ, եթե մենք համաձայնենք, որ 1915 թվականին ոչ մի ցեղասպանություն չի եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա դրանում մեղավոր են հայերը, որոնք ռուսների դրդմամբ դավաճանել էին Օսմանյան կայսրությանը: Արդյոք «ցեղասպանություն» բառը չի՞ սադրում թուրքերին եւ պատերազմի նոր պատրվակ չի՞ ստեղծում: «Խաղաղություն կառուցելու» համար չէր խանգարի նաեւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունն արհեստածին կազմավորում է, որն առաջացել է «Արեւմտյան Ադրբեջանում»:
Կարդացեք նաև
Սակայն այդ ամենը չի օգնի: Ալիեւին եւ Էրդողանին որեւէ պատրվակ պետք չէ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար, քանի որ դա նրանց ռազմավարական նպատակն է: Եվ դա տեղի կունենա անկախ նրանից, թե որքան է Հայաստանի իշխանությունը նվաստանում եւ ուրանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մուլտիմեդիա ցուցահանդեսի պաստառին 30 տարի առաջ թերթերում հայտնված վերնագրերն են:
Ասա, ով է քո ընտրողը, կասեմ դու ով էս: Գործող իշխանությունը՝ դա իր ընտրողների արտացոլումն է, հայհոյելով իշխանությանը մենք անգիտակցաբար վիրավորում ենք այդ իշխանության մեր անչափ սիրելի ընտրողներին: Իշխանության կառավարման որակի բարձրացման միակ ճիշտ ճանապարհը ընտրողների հետ համբերատար ու սիրով աշխատելն է: Այսօրվա թե երեկվա իշխանություններն իրենց ընտրողների հետ միասին սուբյեկտ չեն՝ նաչալնիկն ինչ ասի, հոժարակամ կենթարկվեն՝ ոչ սեփական կարծիք ունեն, ոչ էլ սկզբունքներ: Երբ նման քաղաքականապես ստրկամիտ ընտրողները կազմեն կրիտիկական զանգված, նման համակարգում ժողովրդավարությունը խիստ հակացուցված է, ՝՝ստրկավարության՝՝ առավել արդյունավետ համակարգը դա ստրկատիրությունն է կամ բռնատիրությունը: Միայն սուբյեկտ ընտրողն ունի սկզբունք, որի համար պատրաստ է դուրս գալ կոմֆորտի գոտուց եւ գնալ ռիսկի հանուն իր սկզբունքի եւ իր սերունդների ապագայի: Երբ սուբյեկտ ընտրողները կազմեն կրիտիկական զանգված, այստեղ է որ ժողովրդավարությունն ամենաարդյունավետ համակարգն է: Քաղաքականապես գրագետ ժողովուրդների ժողովրդավարությունը կհաղթի քաղաքականապես անգրագետ ժողովուրդների ավտոկրատիան, ստրկատիրությանն ու բռնատիրությանը, քաղաքականապես անգրագետ ժողովուրդները ապագա չունեն: Սուբյեկտ մարտնչող ընտրողների կրիտիկական զանգված, սուբյեկտ մարտնչող ընտանիքների, համայնքների, պետությունների, պետությունների միությունների կրիտիկական զանգված, միայն սուբյեկտն ունի ապագա: Այնպես որ հերիք է հայհոյենք ներկա թե նախկին ստրուկ իշխանություններին, մտածենք թե ինչպես մեր անչափ սիրելի ստրուկ ընտրողներին կրթել ու դաստիարակել, որ նրանք դառնան իրենց սեփական կարծիքի ու սկզբունքի տեր քաղաքացիներ եւ հաջորդ ընտրություններում նրանց հետ միասին ունենանք կրիտիկական զանգված եւ արդյունքում կունենանք սկզբունքային հերոս ազգասեր մարդասեր խելացի կառավարություն: Նորակոչիկից փորձառու զինվոր կարելի է կրթել ու դաստիարակել միայն ռազմական բանակում, նորակոչիկ քաղաքացուց փորձառու քաղաքացի կարելի է կրթել ու դաստիարակել միայն քաղաքացիական բանակում: Իմ լուծումը՝ քաղաքացիական բանակ ստեղծելն է, որը պետք է լինի քաղաքացիների պարտադիր ծառայություն եւ իր մեջ ընդգրկի նաեւ ռազմական պարտադիր ծառայությունը: