Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդհատ մեր իրավունքները պահանջելը մեզ վերածում է անիրավի

Հունվար 24,2025 13:30

Հունվարի 23-ին վկայի կարգավիճակով լրագրող Հերմինե Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության՝ Մալաթիայի քննչականում նախաձեռնված, ինչպես ինքն է ասում՝ իրեն անհայտ գործով, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 3 կետերով. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը.

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:

Նա նշել էր. «Ծանուցման մեջ ոչ մի բառ չկա նշված, թե ինչ գործի մասին է խոսքը, բայց ենթադրելի է, որ ինչ-որ նոր բան են սարքել եւ հարցաքննության կանչում են իմ կողմից վարվող հաղորդումից 2 ժամ առաջ (Բեւեռի ամենշաբաթյա ասուլիս), կապ չունի հաղորդումը կկայանա ավելի ուշ ժամի եւ ես կտեղեկացնեմ ինչ գործի մասին է խոսքը»:

Կարծում եք, էլի այս լիբանանահայը նորեն անհասկանալի բանե՞ր է խոսում, վստահ եմ, շատերն այդպես են ասելու: Լավ, ընդունում եմ, շատ անգամ ես էլ բաներ եմ ասում, որոնք, իհարկե, անհասկանալի ու անտրամաբանական են թվալու կամ էլ՝ զուտ իմաստազուրկ: Բացատրեմ իմ տեսակետը:

Եթե ամեն մի իրավիճակ, որտեղ մենք համարում ենք, թե մենք ենք իրավունքի տերը ու անիրավված, մեր ամբողջ կյանքը անցնելու ենք այդ բոլոր մանր պայքարները վճռելու ճանապարհով, ու հավանաբար, վատնելու ենք բավական ժամանակ ու էներգիա ու այդ ընթացքում կորցնելու ենք շատ բարեկամների:

Ուրեմն, առաջին հերթին մենք մեր հանդեպ անիրավություն ենք գործելու ու մեր հարազատներին վշտացնելու:

Ինչու եմ այս ամենը նշում, շատերն ասելու են՝ թե հեռանում եմ հիմնական թեմայից:

Իսկ հիմնական շարժառիթն այս հոդվածի, այն ապշեցուցիչ, խիստ զարմանալի այն լուրն է, համաձայն որի՝ երիտասարդ լրագրողուհին կանչվել է հարցաքննության:

Ազգային ժողովրդավարական բեւեռի մեդիայի պատասխանատու Հերմինե Մկրտչյանը, որը հանրածանոթ է Հայաստանի օրվա իշխանության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության իր սուր քննադատություններով, իբր վկա պետք է հարցաքննվի:

Արդ, ես ոչ մի գաղափար չունեմ նախաքննության մանրամասնություններից եւ թե արդյո՞ք ներկայանալու է, պարզապես իբրեւ վկա, հնարավոր է՝ մեղադրանքներ կամ ամբաստանություններ ուղղեն, մասնագետ էլ չեմ, ոչ էլ նույնիսկ կարող եմ կարծիք հայտնել՝ նրա գործով, դրա համար կան իրավաբաններ:

Իսկ ինչ որ ասելու եմ՝ ասելու եմ այն տեսանկյունից, որ սա ինչ տպավորություն եւ հավանական հետեւանքներ է ունենալու:

Նախ կա այն հանգամանքը, որ ընդհանրապես հարցաքննության կկանչվեն մեղապարտները, մեղապարտներ, որոնք օրենքները կոպիտ խախտողներ են, որոնք կարող են վտանգավոր լինել: Սակայն, երբ խնդրո առարկան այդ բոլորից լրիվ տարբեր է, անձը հանրային դեմք է՝ ընդդիմադիր, լրագրող, երիտասարդ օրիորդ, այս պատկերը մեր բոլորի մեջ շատ տհաճ տպավորություն կթողնի ու չափազանց անհանգստացնող, մտահոգիչ, եւ նաեւ՝ վրդովեցուցիչ է:

Սա ամենայն հավանականությամբ շատ վատ տպավորություն է թողնելու մեր հայրենիքի պատկերի նկատմամբ՝ ժողովրդավարական առումով:

Ոչ միայն: Ու ասեմ ավելին. լինեմ արդար ու առարկայական:

Այսօր որ մի լրագրողը, բլոգերը, քաղաքական տեսակետ արտահայտողը կատարյալ օրենքի անխախտ հետեւողն է:

Այսօր արդյո՞ք չկան դեպքեր, որտեղ իշխանության առաջատար ներկայացուցիչները օրենքը մասնակի չեն խախտել:

Լինենք իրապաշտ:

Իսկ ո՞վ կարող է ասել, թե ժողովրդավարությունը ոտնահարելը եւ բռնատիրությունը նշանակում է կոպտորեն օրենքը խախտելով կիրարկելը միայն ընդդիմադիրների վրա, շատ անգամ, երբ կարող ես օրենքը պահելով խտրականորեն կիրարկել միայն ընտրովի ընդդիմադիրների նկատմամբ: Սակայն պահպանի օրենքը չխախտելը՝ վիճելի պարագաներում, իշխանամետներին անպարտ նկատել, իսկ ընդդիմադիրներին մեղավոր՝ արդեն ժողովրդավարությունը կարող ես կաթվածահար անել:

Ու հենց այս պարագայում է, որ ընդդիմադիրներին, որոնք փոքրամասնություն են, մեղադրում են օրվա իշխանությանը թիրախավորելու մեջ՝ զանոնք նկատելով մեղսակից, ահա ավելանում է ազգային պառակտումը ու ատելությունը: Այսպիսով իշխանության կողմնակիցների զանգվածը համարվում ու դիտարկվում է, որպես իրենք ընկճվածության մղող հակառակորդ աղբյուր են:

Իսկ իշխանությունը պարտավոր է հավասարակշռել, որպեսզի վերանա այս զգացումը փոքրամասնության մոտ, երբ օրինակելի ժողովրդավարության մեջ փոքրամասնությունը ապահով կզգա:

Նման պարագայում ընդդիմադիրները, երբ աում են մեզ հալածում է իշխանությունը՝ իշխանությունը կարող է հակադարձել ու ապացուցել, թե կան օրինական հիմքեր, որպեսզի ընդդիմադիրներին հարցաքննեն, սակայն եթե սա հալածանք չէ, առնվազն բացահայտ, դիտվում է իբր ճնշման լավ մեխանիզմ:

Հավանաբար, իշխանությունը հանգիստ ու ապահով է զգում, կգիտակցի, թե ինքը շատ ուժեղ դիրքի վրա է այս մենամարտի մեջ, ոչ թե որովհետեւ ինքը շատ ուժեղ է, այլ՝ ընդհակառակը, իր թուլության գագաթնակետին հանդերձ ընդդիմությունները գերազանցում են կոպիտ սխալներով ու անկազմակերպ, աննպատակասլաց իրավիճակով ու որեւէ լուռ քաղաքական ընտրանիի առաջարկելու անկարողությամբ:

Սակայն այտեղ կա շատ ավելի հեռավոր վտանգ՝ այս իշխանությունը հավիտյան չէ, սակայն շատ հաջող կերպով դե ֆակտո օրինականացնում է այս բոլորը, այս բոլորը այլեւս դիտվում են նորմալ ու սովորական, ընդունելի, ու գալիք իշխանություններն էլ շատ հեշտ կիրառելու են, ու այսպես Հայաստանը մոտիկ ու առնվազն միջակ ժամանակաշրջանի ապագայում չի ունենալու առողջ ժողովրդավարություն:

Ու մի օր իրեն հակառակորդներն էլ նույն տակտիկան են կիրառելու թե իր վրա ու թե իրար վրա ու նաեւ մեր նման անթիկունք լրագրողների վրա:

Կոչ կուղղեմ անհապաղ Հերմինե Մկրտչյանի հարցը շատ արագ կերպով լուծել ու մանավանդ մոռացության տալ, ինչքան շուտ, այդքան լավ:

Որպեսզի հայը հայի նկատմամբ չտեսնի սպառնալիք:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031