Միրզոյան-Լավրով բարյացակամ բանակցություններ են ընթացել` Հայաստանի իշխանությունների եւ Արեւմուտքի հետ խորը համագործակցության հիմքերի ֆոնին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույցից օրեր անց Մոսկվա մեկնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Երկար դադարից հետո, Ռուսաստանից Հայաստանի իշխանություններին ուղղված հորդորների ֆոնին կայացավ Միրզոյանի նշյալ այցը:
Հիշեցնենք, որ Մոսկվան` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասով նախ հայտնել էր, որ այն հայկական կողմի նախաձեռնությամբ էր տեղի ունեցել, ապա Կրեմլից նշել էին, որ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երեւանի վերջին քայլերն է պարզաբանել, իսկ Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:
Վստահաբար Միրզոյան-Լավրով բանակցությունների օրակարգը հագեցած է եղել. հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրության ստորագրումից` մինչ ՀՀ-ԵՄ հարաբերություններ: Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։
Կարդացեք նաև
Սակայն ՌԴ իշխանությունները Մոսկվան Եվրամիությանն անդամակցելու գործընթացի քննարկումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ դիտարկեցին։ Հենց Լավրովը եւ ռուսաստանցի այլ պաշտոնյաներ հայտարարել էին, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։ Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնավորապես ասել էր, որ` երկու կառույցներն աշխատում են տարբեր սկզբունքներով, ազատ առեւտրի տարբեր գոտիներ են։
Այսպես, հունվարի 21-ին Միրզոյան-Լավրով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ օրակարգում են` ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակը, ԵԱՏՄ-ի եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության եւ համաշխարհային օրակարգի արդի թեմաները։ Նշվեց, որ հանդիպման ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ։
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, Լավրովի հետ հանդիպմանը արձանագրեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ընդգծելով՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց եւ կառուցողական երկխոսության սկզբունքին: «Հուսով ենք՝ ռուսական կողմը հետագայում հաշվի կառնի տեղի ունեցող գործընթացների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսել ենք վերջին շրջանում, վերջին օրերին», – նկատեց նա:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ վերջին անգամ Լավրովի հետ այդ ձեւաչափով հանդիպել են 2023թ. հուլիսին։ «Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնելու տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։ Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- նշեց Միրզոյանը։
Երեւանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ, Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նախորդ տարին բարդ էր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր, անկեղծ ասած, վճռական ենք մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվող մթնոլորտի ոգով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում են, որոնք կարեւոր են ձեզ համար, որոնք կարեւոր են Ռուսաստանի Դաշնության համար։ Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել եւ շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի հետ»,- իր հերթին նկատեց Սերգեյ Լավրովը։
Միրզոյանի հայտարարությունների ենթատեքստային մեղադրանքները հիմք ընդունելով` Լավրովը ասուլիսում պնդեց՝ Մոսկվան ադրբեջանամետ կամ միակողմանի դիրքորոշում չունի կարգավորման հարցում. «Խոսել ենք տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին, վերահաստատել մեր անփոփոխ պատրաստակամությունն օգնելու Երեւանին ու Բաքվին, եթե նրանք շահագրգռված լինեն այդ կարգավորման բոլոր ուղղություններով՝ ներառյալ խաղաղության համաձայնագրի մշակմանն աջակցությունը, սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը»։
Լավրովը պնդեց, որ հանդիպմանն ընդգծել են Մոսկվայի հավատարմությունը Երեւանի հետ բոլոր, այդ թվում՝ ռազմաքաղաքական պայմանավորվածություններին։ Ռուս դիվանագետը նախարարությունների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն տեսավ, փոխնախարարների միջեւ երկխոսությունը վերականգնելու, այն կանոնավոր դարձնելու մասին խոսեց։ Նա նաեւ ասաց, որ ինքն ու Միրզոյանը պայմանավորվել են պատրաստել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդակցությունների հերթական երկամյա պլանը։ Թե ի՞նչ է դա նշանակում, մոտ երկու տարի բավականին լարված հարաբերություններ ունեցող Երեւանն ու Մոսկվան չեն մանրամասնել:
Ի դեպ, առաջիկայում նաեւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին հայտարարվեց՝ Հայաստան կժամանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, եւ հենց ինքը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հայտնի է, որ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարեւոր տարածաշրջան է, եւ որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։
Համատեղ ասուլիսում Միրզոյանին հարց ուղղեցին Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու թեմայի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ներկայացրել են «Եվրաքվե» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 52 հազար 351-ը: Ձայները բավարար են, որ օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:
Հունվարի սկզբին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Մոսկվայից նույն օրը արձագանքեցին, փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին, որ դա դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ եւ որ Երեւանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով:
Ինչպե՞ս է Երեւանը համատեղելու ԵԱՏՄ ու ԵՄ անդամակցությունները, հարցին ի պատասխան՝ Միրզոյանը Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ օրինագծում ոչ մի ժամանակահատվածի, կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չկա, ապա հիշեցրեց, որ դա քաղհասարակության նախաձեռնությունն է: «Անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները հավաքվել են, ու հիմա այդ նախաձեռնությունը ավտոմատ կերպով օրինագիծ է դարձել, կքվեարկվի ԱԺ-ում, կառավարությունը հավանություն է տվել նախագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի: Թե հետո ինչ կլինի, հետո կհասկանանք։ Այս օրենքով ոչ մի այլ բան նախատեսված չէ։ Բոլոր տեսաբաններն ու այլ գործիչներ ասում են, որ այնտեղ կան հակասություններ, ես չէ, որ պետք է դատեմ», – հավելեց ՀՀ արտգործնախարարը:
Հատկանշական է, որ նույն օրը` հունվարի 21-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ, նկատեց, որ ԵՄ անդամության գործընթացը ՀՀ ժողովրդի կամքն է եւ այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկվելու է, որոշում է կայացվելու, դրանից հետո պարզ կլինի՝ ինչ անել: «Բայց ես չեմ կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություններ ունենա դրա հետ կապված եւ չեմ կարծում, որ որեւիցե ձեւով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, որ հայկական եւ ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել: Կարող ենք քննարկել, լուծումներ գտնել, բայց Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչն է բխում իր շահերից եւ ինչը չի բխում իր շահերից»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթացին կողմ քվեարկելը կարելի է համարել ԵՄ անդամակցության ճանապարհին առաջին քայլ, նա ասաց. «Նախ, ո՞վ ասաց, որ մենք կողմ ենք քվեարկելու: Մենք սխալ կողմից ենք գալիս։ Այն, ինչը Ռուսաստանը մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է եւ Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու եւ տարածաշրջանից հեռանալու պատճառով է: Մեղադրել Հայաստանին, որ Հայաստանը փորձում է իր անվտանգությունը, իր գոյությունը ապահովել… դա չի կարող սխալ լինել: Ես չեմ կարծում, որ սա առաջին քայլն է, սա քայլերից մեկն է»: Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը, նշել է, որ այն Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, եւ հայկական կողմը որեւիցե միտում չունի այն լքելու: Նա վստահեցրել է, որ հայկական կողմը տնտեսական այդ կառույցում համագործակցությունը շարունակելու ցանկություն ունի:
«Մենք միշտ գնահատել եւ շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի հետ», Լավրովի հրապարակային արձանագրումն ու բավական բարձր տրամադրության ցուցադրությունը Միրզոյանի հետ հանդիպմանը, ըստ երեւույթին վկայում են Երեւան-Մոսկվա փոխհարաբերություններում որոշակի խնդիրներում դիրքորոշումների հստակեցման, մեղմացման, եւ ինչու չէ` նոր համաձայնությունների ձեռքբերման մասին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2025