Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային, hունվարի 14-ին հայտարարեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Նշված Կոալիցիային միանալու հանգամանքը պայմանավորված է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր որակի հարաբերություններով»,-«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց արեւելագետ Արմեն Պետրոսյանը։
«Իսլամական պետությունը»՝ համաշխարհային խալիֆայություն
ՄԱԿ-ը «Իսլամական պետությանը» ահաբեկչական խմբավորում է կոչում։ Խմբավորման անդամները սունի իսլամիստներ են՝ հավատարիմ իսլամական ֆունդամենտալիզմի եւ ջիհադիստական սկզբունքներին։
Կարդացեք նաև
Հիմնադրվելով նախորդ դարավերջին՝ «Իսլամական պետության» նպատակն է իսլամական համընդհանուր պետականության ստեղծումը, առնվազն Իրաքի եւ Սիրիայի տարածքում իսլամական կանոններով պետության հաստատումը։ Խմբավորման լրիվ անվանումն է՝ «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» կամ պարզապես ԴԱԵՇ արաբերեն հապավումը։
ԴԱԵՇ-ն իրեն հռչակել է համաշխարհային խալիֆայություն՝ մուսուլմանական աշխարհի կրոնական, քաղաքական եւ ռազմական միակ իշխանություն։ Հաջողելու համար՝ խմբավորման զինյալները դիմում են ծայրահեղականության եւ ամենաանմարդկային միջոցներին։ Խմբավորումը 2014-2017 թվականների եզդիական ցեղասպանության գլխավոր ճարտարապետն է։
Այսօր ԴԱԵՇ-ի ազդեցությունն ավելի նվազ է, քան նախորդ տասնամյակի կեսերին էր, երբ խմբավորումը վերահսկում էր Իրաքի եւ Սիրիայի մի հատվածը։ Այս պահին ահաբեկչական խմբավորումն առավել ակտիվ է աֆրիկյան որոշ երկրներում։
Հայաստանի քայլը՝ «որոշակի կողմնորոշման ցուցիչ»
Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային միանալու Երեւանի որոշումը համարել հայկական իշխանությունների հերթական արեւմտամետ քայլը։
Ըստ Պետրոսյանի՝ այս որոշման կայացումն անհնար է չդիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում։
«Աշխարհաքաղաքական պայքար է դրսեւորվել նաեւ Սիրիայի տարածքում՝ հակաահաբեկչական տարբեր բեւեռների ձեւավորման տեսքով։ Միացյալ Նահանգների կողմից ձեւավորված, մի քանի տասնյակ երկրներից բաղկացած հակաահաբեկչական կոալիցիան ներկայացնում էր արեւմտյան բեւեռը, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, սիրիական կառավարական ուժեր, լիբանանյան Հըզբոլլահ եւ մի շարք այլ տարածաշրջանային խմբավորումների ոչ-ֆորմալ դաշինքը ներկայացնում էր Ռուսաստանի գլխավորած հակաահաբեկչական բեւեռը»,-բացատրում է արեւելագետը եւ եզրահանգնում՝ Հայաստանի նման որոշումը «որոշակի կողմնորոշման ցուցիչ է»։
Նպատակը՝ ԴԱԵՇ-ի «դեգրադացիան եւ հարատեւ պարտությունը»
«Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիան հիմնել է ԱՄՆ-ն 2014 թվականին, երբ խմբավորումն ազդեցիկ էր իրաքյան եւ սիրիական տարածաշրջանում։
Որպես առաքելություն՝ Կոալիցիայի կայքէջը մատնանշում է ԴԱԵՇ-ի «դեգրադացիան եւ հարատեւ պարտությունը»։
Կոալիցիան հանձնառու է նաեւ «Իսլամական պետության» ֆինանսական եւ տնտեսական ենթակառուցվածքների հաղթահարմանը, օտարերկրացի ահաբեկիչ զինյալների կողմից սահմանահատումների կանխմանը, ԴԱԵՇ-ից ազատագրված տարածքներում կայունության եւ հանրային էական ծառայությունների վերականգնման նպաստմանը, ինչպես նաեւ խմբավորման կողմից տարածվող քարոզչության հակազդմանը։
Մինչ Հայաստանի միանալը, դաշինքի գործունեությանը մասնակցում էր 87 պետություն, օրինակ՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Կատարը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Վրաստանը, Ճապոնիան, Ավստրալիան։
Սիրիայում ՀՀ շահերը լրջորեն տարբերվում են մյուսների շահերից. Պետրոսյան
Ահաբեկչական խմբավորմանը պարտության մատնելու գլխավորապես արեւմտյան պետություններից կազմված դաշինքի հետ համագործակցելու ՀՀ մտադրությունն, Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ կարող է դժգոհություն առաջացնել Մոսկվայում եւ Թեհրանում։
«Բայց պետք է նշել, որ այս պահին Հայաստանի համար նման որոշման կայացումը, ինչպես նաեւ Սիրիայի նոր իշխանությունների հետ ուղիղ կամ միջնորդավորված կապի հաստատումը, չափազանց կարեւոր են։ Հայաստանի շահերը Սիրիայում բովանդակային առումով լրջորեն տարբերվում են մյուս խաղացողների շահերից»,-նկատել է տալիս Միջին Արեւելքի փորձագետը։
Պետրոսյանը Հայաստանի յուրահատուկ շահերը պայմանավորում է Սիրիայում հայահոծ համայնքի եւ նրա ունեցած պատմամշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության խնդրի, մեր հայրենակիցների անվտանգության խնդրի հետ։
Պետք է գտնել նոր եղանակներ
Նրա խոսքով՝ Սիրիայում հայկական շահերի սպասարկման մեխանիզմները՝ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ուղիղ շփումները եւ Ռուսաստանի ու Իրանի առաջարկած խողովակներն այլեւս չեն գործում, բայց Հայաստանի եւ հայության խնդիրները շարունակում են մնալ։
«Հետեւաբար, պետք է գտնել նոր եղանակներ։ Այս հարցում Հայաստանը պետք է դրսեւորի որոշակի ճկունություն։ Հայկական կողմն ունի նման քայլ կատարելու իր հիմնավորումները»,-կարծում է Պետրոսյանը։
Կոալիցիայում Հայաստանի գործունեության մասին խոսելիս նա կարեւորում է նաեւ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության աշխատանքի վերագործարկումը, որը կարող է Սիրիայի նոր կառավարության հետ համագործակցության հիմք հանդիսանալ։
Համատեղ գործողություններ՝ սպառնալիքը հաղթահարելու համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ տեսք կստանա մեր երկրի ներգրավումը միջազգային այս պայքարում։ Գերատեսչությունից մեր գրավոր հարցմանն առայժմ չեն պատասխանել։
Այնուամենայնիվ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Էնթոնի Բլինքենի հետ փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտնեց, որ Կոալիցիային անդամակցելու ՀՀ որոշումը պայմանավորված է «համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով» եւ «միջազգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրվածությամբ»։
Նախարար Միրզոյանի համոզմամբ՝ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն ահաբեկչական այս սպառնալիքը հասցեագրելու գործում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2025