Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգեւատրման արարողությունից հետո զրուցեցին լրատվամիջոցների հետ:
Սուսաննա Գաբոյան. «Իրականում առաջին անգամ մրցաշարում հանդես էի գալիս առաջին համարով, քանի որ Մարիա Գեւորգյանը չմասնակցեց: Հաղթանակս շատ անսպասելի չէր: Երբ գործակցով առաջին համարն ես, դա պարտավորեցնում է, որ ավելի լավ հանդես գաս: Թեկուզ առաջինն էի, բայց իրականում շատ լարված էր անցնում առաջնությունը, ինչպես բոլոր տարիներում: Ու մինչեւ վերջին տուրերը երեք առաջատարներով հավասար միավորներով էինք առաջ գնում: Մի պահ ես երկրորդն էի, ապա երրորդը: Մի խոսքով, անընդհատ լարված էր, որովհետեւ վերջին խաղից էր կախված, թե ով հաղթող կդառնա: Եվ միայն վերջին տուրում հաղթելուց հետո դիրքս ամրապնդվեց»:
Ռոբերտ Հովհաննիսյան. «Առաջնությունն իմ համար շատ լավ սկսվեց: Առաջին տուրում կարողացա հաղթել ֆավորիտներից մեկին: Դա, իհարկե, ինձ բավականին մեծ մոտիվացիա տվեց: Առաջնության ընթացքն այնպես էր, որ ես միշտ առաջատարների թվում էի: Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել: Ինչ վերաբերում է մասնակիցների ուժին, առաջնության վարկանիշը երեւի թե պատմության մեջ ամենաբարձրը չէր, բայց խաղի որակը, իմ կարծիքով բավականին բարձր էր: Նաեւ պետք է նշել, որ մեր երիտասարդ շախմատիստները շատ լավ խաղացին եւ ապացուցեցին, որ հենց այնպես չեն դուրս եկել առաջին խմբից:
Կարդացեք նաև
Բոլոր պարտիաներն էլ դժվար էին, սակայն մեկնարկը հաղթանակով սկսելը մի տեսակ չեմպիոնական հայտ էր, որը կարողացա պահել: Հավաքականում տեղս պահելը եւ հավաքականում խաղալը շատ մեծ պատիվ է: Դրա համար պայքարել եմ փոքր տարիքից: Շատ ուրախ էի, երբ որ առաջին անգամ 2011 թվականին կարողացա ընդգրկվել հավաքական: Դրանից հետո ամեն տարի դրա համար փորձում եմ անել հնարավորինը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ