ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ նիստերի ընթացքին՝ ասաց. «Շատ հագեցած քառօրյա էր: Ու գիտեք, որ այս խունտան արդեն արշավ է սկսել փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ: Տարբեր խմբեր բողոքում են: Վատ է, որ սրա համար են բողոքում, 100 դրամի համար են բողոքում, բայց սա մեր իրականությունն է: Մենք պետք է իրենց կողքին լինենք: Իրենց կողքին էլ լինում ենք: Այնպիսի խումբ չկա, որի խնդրով ես չզբաղվեմ:
Բայց մենք նաեւ բազմաթիվ անգամ ասել ենք, որ օրենսդրական այն փոփոխությունները, որ անում է այս իշխանությունը, մարդկանց հարստահարելու նպատակ ունի: Գույքահարկը տարին տարվա վրա տանում են թանկացման, հայտարարագրումն անում են միայն ու միայն մեկ նպատակով՝ իմանան հասարակ քաղաքացու յուրաքանչյուր լուման ու դրամը, որ դրանից հարկեն: Դրա ցցուն օրինակը երեկվա հարց ու պատասխանի ժամանակ էր, երբ մեր գործընկեր Թադեւոս Ավետիսյանը իր օրինակով ասաց, որ իր մեքենան 10 տարի քշելուց հետո վաճառել է, հետո հարկայինից ստացել է մի ծանուցագիր, որով պարտավորվածություններ ունի 500 հազար դրամ մուծելու: Պատկերացնո՞ւմ եք. $ 12-13 հազարով վաճառված մեքենա եւ 500 հազար դրամ, երբ ինքը ԱԺ պատգամավոր է եւ իրենք էլ գիտեն, թե ծանուցումը ում են ուղարկել: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե վաղը-մյուս օր իր տունը, հողատարածքը վաճառելով նորից հարկային պարտավորվածություն չի ունենալու, կամ հայտարարագրելով ազատվելու է հարկային պարտավորվածություններից, չարաչար սխալվում է:
Պատկերացնո՞ւմ եք, մարդը ամբողջ կառավարության կազմը հավաքել է իր գլխին, որ հայտարարագիր լրացնի ու նաեւ ասում է, իբր հեռախոսի մեջ փող չկա: Ժողովուրդ ջան, սա ոչ ադեկվատ է: Ոչ մի երկրի ղեկավար չի գնում, Դավոսում հյուրանոցահամարի սան հանգույցը ցույց տալիս:
Այս ամենը ասում ենք նրա համար, որ չկա մի խումբ, որ այս մարդը չմտնի գրպանը, տանի քայքայման, փակման: Նրա քայլերը սրան են ուղղված, սակայն փաթեթավորում է ասելով, որ այդ ամբողջը մեր ընդհանուր գրպանն է, ընդհանուր տունն է, բյուջեն է, ու մենք այն պետք է լցնենք:
Կարդացեք նաև
Այսինքն, դուք պետք է դառը դատեք, 24 ժամ աշխատեք, հարկերը վճարեք, որ այս մարդիկ դավոսներում, շվեյցարիաներում եւ ուրիշ տեղեր իրենց հաճույքներն անցկացնեն: Իրենք ասում են, որ մենք բոլորս՝ գեղցի համբալներս, պիտի ապահովենք իրենց բարեկեցությունը, որ ոչ մի բանի պրոբլեմ չունենան, հեծանիվ քշեն:
Բայց տեսնելով, որ արդեն բունտի հոտ է գալիս, ասում են, որ հնարավոր է վերանայեն տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Ամփոփեմ. եթե տեսնեն դիմադրություն ժողովրդի կողմից, եթե տեսնեն, որ մենք միասնական մեր ջանքերով դուրս ենք գալու եւ վռնդելու ենք իրենց, ամեն անգամ հետ նահանջ են անելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ