«Ես լսում էի վարչապետի ելույթը՝ զուտ որպես քաղաքացի։ Իր ասածում ինչ-որ բան ինձ արժանահավատ էր թվում, երբ ասում էր՝ գուցե վնասեր, եթե որպես երկրի ղեկավար իր ասած՝ ակցենտավորված հայրենասիրական հայտարարություն աներ։ Բայց մտածում էի՝ արդյոք հնարավո՞ր չէր այդ հայտարարությունը վարչապետն աներ հենց դատավարության օրը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Media.am-ի լրագրող Մարիամ Բարսեղյանը՝ անդրադառնալով Բաքվի դատավարություններին։
Մարիամ Բարսեղյանն այս առիթով նշեց՝ լավ գիտենք՝ երբ իրենց պետք է լինում ինչ-որ բան ասել, առիթ ստեղծում են․ «Ի՞նչն էր խանգարում այդ նույն նախադասությունն ասել դատավարության օրը, երբ բոլորս շունչներս պահած սպասում էինք։ Գոնե ինչ-որ ձայն հանելու, վերաբերմունքն արտահայտելու հնարավորություն էր, որը Նիկոլ Փաշինյանը բաց թողեց։ Ինձ թվում է՝ մեր հասարակությունն ուզում էր լսել այդ ցավակցական նոտան իշխանությունների, առավել ևս՝ վարչապետի, որը չեղավ»։
Անդրադառնալով բուն գործընթացին, որն իրականացվում է Բաքվում, Մարիամ Բարսեղյանը նկատեց․ «Լսում էի հունվարի 21-ի նիստի մասին ու մտածում՝ ի՞նչ է նշանակում, որ փաստաբանները հանդես են եկել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու առաջարկով։ Օրինակ՝ հայ գերիների համար էդ տնային կալանքը ո՞նց պետք է արտահայտվի։ Հասկանում ենք, որ չլինող բան է։ Ընդհանրապես այս դատավարության հետ կապված այնքան հարցականներ կային, որ ինչքան հետևում էիր, փորձում տեղեկությունները համադրել, անհասկանալի էր։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի դատը որտե՞ղ, ո՞ր պահին էր լինում, մյուսներինը՝ որտե՞ղ, ո՞ր պահին։ Կադր կար, երբ Ռուբեն Վարդանյանը մենակ է կանգնած։ Կադրեր կան, որ մյուսներն են․ Ռուբեն Վարդանյանը չկա։ Բայց կարդում եմ տեղեկատվությունը․ նույն դահլիճում նույն աղմուկի մեջ է եղել։ Անհասկանալի բաներ կային, ու դա պայմանավորված էր նրանով, որ տեղեկատվության աղբյուրը միայն ադրբեջանական լրատվամիջոցներն էին, և նիստն էլ դռնփակ էր, թեև նախապես հայտարարվել էր, որ բաց է լինելու»։
Ըստ Մարիամ Բարսեղյանի՝ լրատվամիջոցների առաջ բարդ խնդիր էր դրված՝ սկսած նրանից՝ դատավարություն բառը չակերտների, թե առանց չակերտի գրել․ «Ամեն անգամ դատավարություն բառը գործածելուց առաջ մի ածական դնե՞նք, կամ ո՞նց գրենք, որ ոչ մեզ նեղացնենք, ոչ տեքստը վատ լինի։ Մի խոսքով, բազում հարցականներ կային»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի