«Եթե ցանկանում եք լինել ԵՄ անդամ, չեք կարող լինել մեկ այլ միության անդամ»,- այսօր «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ ասաց Էստոնիայի խորհրդարանի խոսնակը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի համար ՌԴ-ից խզումը կարո՞ղ է հեշտ լինել այն պարագայում, երբ երկիրը տնտեսապես կապված է ՌԴ-ին:
Բանախոսը նկատեց, որ իրենց այս այցը նաեւ այն նպատակով է, որ իրենք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել ՀՀ՝ ԵՄ ձգտումներին. «Սա շատ կարեւոր հստակ նշան է, որ տեսնում ենք: Մեր դիրքորոշումն է՝ դուք պատկանում եք Եվրոպային, դուք քայլ առ քայլ մոտենում եք Եվրոպային, մենք դա ընդունում ու խրախուսում ենք: Մեր ընկալմամբ՝ դուք մի ուղի եք ընտրել, որը կընտրեր մի երկիր, որը ցանկանում է միանալ ժողովրդավարական ու ազատ միությանը, որը մենք ճանաչում ենք որպես Եվրոպայի միություն: Մեր փորձը դեպի ԵՄ հեշտ չէր, շատ ժամանակ պահանջվեց, շատ դժվար բարեփոխումների ու դժվար բանակցությունների արդյունք էր; Ձեզ խրախուսում եմ, որ սկսեք բարեփոխումներից, քայլ առ քայլ առաջ շարժվեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ