Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունների չեմպիոնների, մրցանակակիրների եւ մասնակիցների պարգեւատրման արարողությունը:
Հայաստանի կանանց չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց եւ հավաքականում իր տեղը պահպանեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Աննա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը: Իսկ 4-րդ տեղը զբաղեցրած Միլենա Գասպարյանը իրավունք ստացավ մասնակցել աշխարհի 20 տարեկանների առաջնությանը:
Միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ տեղը մեր ընտրանիում չզիջեց ոչ ոքի: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած միջազգային վարպետ Արթուր Դավթյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը վաստակել էին հավասար՝ 5,0-ական միավոր: Ընդ որում, երկուսին էլ կես միավոր չբավարարեց գրոսմայստերական նորմ լրացնելու համար, սակայն Սարգիսը առաջին անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմ: Հայաստանի փոխչեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը իրավունք ստացան մասնակցելու Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը, ինչպես նաեւ 2026 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:
Տղամարդկանց առաջնությունը առանձնացավ նաեւ նրանով, որ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը չնայած բավարարվեց 6-րդ տեղով, սակայն երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմ: Այսինքն, ՖԻԴԵ-ի հաջորդ կոնգրեսը նրան արդեն պաշտոնապես կշնորհի հեղինակավոր կոչումը: Բենիկը նաեւ կարող է մասնակցել 20 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ