«Շվեդիայում մենք միշտ էլ մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երկրներին կամ այլ երկրների ղեկավարներին բուլլինգի են ենթարկում: Դիվանագիտական ճանապարհը հենց պետք է լինի հակամարտությունների ու վեճերի լուծման հիմքում»,- այսօր «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ ասաց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ժողովրդավար պետությունները մտահոգվա՞ծ են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից եւ ինչպես կարող են Ադրբեջանի նկատմամբ զսպիչ գործողություններ ձեռնարկել, գուցե պատժամիջոցնե՞ր:
Նրա համոզմամբ՝ գերտերությունների առաջնորդները ուշադիր հետեւում են ռուս-ուկրաինական պատերազմին եւ փորձում հասկանալ, թե ինչ ելք կունենա, որովհետեւ հենց այդ ելքը կազդի մյուս հակամարտությունների լուծման վրա. «Շատ կարեւոր է, որ Ուկրաինան հաղթի ու հետ ստանա իրեն իրավական առումով պատկանող տարածքները, եւ այո՛, որպեսզի վերջ դրվեն տարբեր փորձերին գրավելու որեւէ երկրի մի մաս կամ ամբողջ երկիրը: Եթե այս հարցում Ուկրաինան ձախողի, սա նաեւ ազդակ կլինի աշխարհի մյուս առաջնորդների ու մյուս հակամարտությունների մասնակիցների համար ու դա շատ վտանգավոր կարող է լինել»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ զսպիչ գործողություններ, պատժամիջոցներ կիրառելուն՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ այդ առաջարկությունն իր հետ կտանի Շվեդիա ու կներկայացնի իր քաղաքական գործընկերներին, խորհրդարանի անդամներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ