«Որքանով տեղյակ եմ, այց սահման չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ այցելած Բալթիկ եւ եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին պատրաստվո՞ւմ են տանել սահման:
Ռուբինյանը նաեւ հստակեցրեց՝ եթե ձեր հարցի համատեքստն այն է, թե արդյոք մենք ՀՀ ժամանած հյուրերին ներկայացնում ենք ՀՀ անվտանգային իրավիճակը ու ներկայացնում փաստը, որ ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված օկուպացված է, այս բոլոր հարցերի պատասխանն այո է. «Մեր բոլոր միջազգային գործընկերները հասկանում են իրավիճակը և հասկանում են, թե ինչ սպառնալիքների է բախվում Հայաստանը:
Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և աջակցություն Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղություն հաստատելու»:
Լրագրողի հարցին՝ եթե պատերազմ լինի, մեզ ո՞վ է օգնելու, Ռուբինյանն ասաց՝ ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի, պատրաստ լինենք, հարձակման դեպքում դիմակայել:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ-ն ինչ է անում իր նշած քայլերի համար, Ռուբինյանը թվարկեց՝ ՀՀ-ն առաջ է մղում խաղաղության օրակարգը, ներկայացրել է առաջարկներ, որոնք պարունակում են բոլոր օրակարգային հարցերի շուրջ լուծումներ, բարեփոխում է իր պաշտպանական կարողությունները, դիվերսիֆիկացնում է իր դիվանագիտությունն ու արտաքին հարաբերությունները:
Լրագրողի դիտարկմանը, թե ձեզ մեղադրում են, որ Ռուսաստանի հաշվին դիվերսիֆիկացիա եք անում, Ռուբինյանն արձագանքեց՝ սխալ են մեղադրում:
Անդրադառնալով ԵՄ ուղղությամբ շարժվելով Հայաստանը «Տիտանիկի» տոմս է գնում ռուսական կողմի մեղադրանքներին, Ռուբինյանն ասաց, որ Ռուսաստանը սխալ է ասում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ