Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»․ Արաքս Մելքոնյանը՝ Բաքվի այսպես կոչված դատավարության մասին

Հունվար 23,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ կանգնած 16 անձանց բացառապես իրավական հարցը չէ, սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվի դատավարություններին։

Նրա փաստմամբ՝ կոշտ հայտարարությունների փոխարեն պետք է պետությունը աշխատանքով հիմնավորի և ներկայացնի, որ պահանջատեր է իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով․ «Այստեղ պետության ինստիտուտների, արտաքին գերատեսչության, կառավարության կարևորագույն աշխատանքի գործոնը կա։ Երբ պետությունը պահանջատեր չէ և հենց զուգահեռաբար խոսել գործերից հրաժարվելու վերաբերյալ, իսկ գործերից մեկն ուղիղ վերաբերում է այս խումբ մարդկանց իրավունքներին, նշանակում է՝ պետությունը պահանջատեր չէ այդ անձանց՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում»։

Արաքս Մելքոնյանը ցավով նշեց՝ լսելով, թե ինչպես են ադրբեջանական քարոզչամեքենային փոխկապակցված լրատվամիջոցները ներկայացնում Բաքվի դատավարությունը, նշեց․ «Դա նյուրնբերգյան դատավարություն է, որը պետք է հաստատի ՀՀ-ի պատասխանատվությունը, զինված ուժերի, ՀՀ իշխանությունների։ Այս չակերտավոր դատավարությունը շատ ավելի հեռահար նպատակ ունի, քան դատելու այնտեղ գտնվող անձանց։ Նպատակն է նաև ազգային ազատագրական շարժումը վերացնել, Արցախի հետ կապված հետագայում հնարավոր գործընթացը վերացնել։ Բայց կարևորագույն նպատակը հենց ՀՀ պատասխանատվությունն է։ Երբ զուգահեռ՝ ՀՀ իշխանությունը որևէ պահանջատիրական խոսք չի ասում, գործ չի անում, ավելին՝ պատրաստակամ է հրաժարվել գանգատներից, որոնք հիմնավորելու են հակառակը՝ Ադրբեջանի քաղաքականությունը, էթնիկ զտումը, ռասիստական, հայատյաց քաղաքականությունը, պետական մակարդակով այս անձանց իրավունքների խախտումները, ուրեմն հիմա մենք գործ ունենք իսպառ արդար դատաքննության իրավունքի մերժման հետ»։

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ հնարավոր է ՀՀ-ի վրա ազդեցություններ լինեն այս գործընթացի շրջանակներում, սա զիջումներ կորզելու միջոց է․ «Այն կցկտուր ինֆորմացիան, որը քարոզչամեքենան հրամցնում է հանրությանը, ուղիղ ուղերձ է ՀՀ իշխանություններին։ Մեջբերում են Արայիկ Հարությունյանին, որի խոսքն իրապես չենք լսում։ Ընդամենը մի քանի հայերեն բառ, հետո ադրբեջաներեն խոսք է հնչում և այնպես է հնչում, որ չենք կարողանում հայերեն խոսքը լսել։ Թարգմանությունների դեպքում հաճախ ձայնի մեկտեղում է արվում, երբ կարող ես նաև իրական խոսքը լսել, բայց այս դեպքում մենք լսում ենք Ադրբեջանի քարոզչամեքենայի խոսքը։ Սա սպառնալիք է և ուղերձ ՀՀ-ին, թե տեսեք՝ ինչեր են այստեղ բացահայտվելու»։

Արաքս Մելքոնյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը հենց այս ռիսկերն է պարունակում․ «Անձը հայտարարում է՝ ես որևէ թղթի տակ չեմ ստորագրել։ Հենց սա ահազանգ է, որ այնտեղ կարող են լինել ամենաաներևակայելի հանցագործությունների մասին փաստեր, ապացույցներ, որովհետև սա առաջին և միակ դեպքը չէ, որ մենք տեղեկանում են, որ անձանց ստիպել ստորագրել ադրբեջաներեն նյութեր առանց թարգմանության։ Այս անձանց նույնիսկ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ, բանավոր խոսք չի կարող թույլատրելի ապացույց լինել, քանի որ վստահաբար դա իրականացվում է սպառնալիքի ազդեցության ներքո»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031