Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են լռում մշակույթի գործիչները

Հունվար 23,2025 19:01

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝  նրան ոչ ոք չի ճանաչում,   մշակույթի գործիչները լռեցին։

Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ  կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով  պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։

Մշակույթի գործիչները  շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։

Լռում են, երբ անարգում  են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռոնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․

Լռում են ու շարունակում  «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել,  «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։

Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից  հաճույքով օգտվելով։

Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարն հասավ մշակութային կազմակերպություններին։

Առանց հոդաբաշխ հիմնավորման  ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։

Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների  մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․

Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու  այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարկման պարագայում, վախեցավ, խուսափեց և  տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ փակ քննարկմանը։

Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․

Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս   ինքնանսեմացող  տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող  այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր  ու կուսակցություններ է փոխել,  կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․

Իրականում, որքան էլ ցավալի է, բայց  անսպասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության  ու «մշակույթի» մեջ։

Պաշտոնական Հայաստանը լռում է՝  Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող  հայ ռազմագերիներին,  «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։

Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ  չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։

Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում  նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․

«Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։

Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը, ինքնությամբ են պահում։  Ու անղեկ հասարակությունը   շարունակում է հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․

Ու այսպես կորցնում ենք արտաքին  ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից․․․

Հ․Գ․

Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմության թանգարանից․․․

Ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի․․․

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031