Երեւան քաղաքի քրեական դատարանում (Աջափնյակ նստավայր) այսօր շարունակվեց «Հունիսի 12-ի գործով» դատաքննությունը:
Դատավորն է Արամայիս Ասատրյանը, մեղադրյալները տասնվեցն են՝ Նարեկ Պետրոսյանը, Վաչիկ Խաչատրյանը, Կարմեն Մնացականյանը, Արմենակ Խաչատրյանը, Լեւոն Սաֆարյանը, Ավետիք Ջիլավյանը, Լեւոն Սաֆարյանը, Սամվել Բաղդասարյանը, Լյուդվիգ Բաղդասարյանը, Տիգրան Սարիբեկյանը, Էդգար Յուխանաեւը, Երվանդ Աղաբալյանը, Նաիրա Մինասյանը, Հարություն Մելիքբեկյանը, Արմեն Հովսեփյանը, Կոնստանտին Տեր-Մովսեսյանը, Տիգրան Կլեկչյանը, Սեւակ Սիմոնյանը:
Քրեական գործը դատարանում է անցած տարվա հուլիսի 31-ից:
Ինչպես պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց՝ սկսվեց նիստը ապացույցների հետազոտմամբ, տեխնիկական խնդիր առաջացավ: Այն է՝ էկրանը թրթռում էր: Դատը հետաձգվեց մարտի 20-ին:
Կարդացեք նաև
Մեղադրյալներից մեկը՝ Էդգար Յուխանաեւը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի «Զանգվածային անկարգություն» հոդվածի հատկանիշներով, այն բանի համար, որ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում «այլ անձանց կողմից» զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր է հնչեցրել, մասնակցել է «հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին», վնասել է «Ուրբանալաբ» հիմնադրամին պատկանող այգում տեղադրված արգելապատնեշը:
Մնացած տասնհինգը մեղադրվում են քրօրի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ խուլիգանություն հանցակազմով, այն է. «Մի խումբ անձանց հետ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խոչընդոտել են հասարակական նշանակության հիմնարկի՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ հասարակական կարգի պահպանությանն ուղղված բնականոն աշխատանքը, խափանել հանրային միջոցառումը՝կատարելով խուլիգանություն»:
Ի դեպ, գործը երբ դատարան էր ուղարկվել, տուժող ոստիկանների քանակը նշվել է տասնյոթ: Իսկ դատական նախորդ նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել էր, որ տուժող ճանաչվի նաեւ «Սրբազան շարժման» առաջնորդը, հավաքի կազմակերպիչ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Սակայն միջնորդությունը մերժվել էր դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին դատարանի որոշմամբ կալանքից ազատվեցին Կարմեն Մնացականյանը, Արմենակ Խաչատրյանը, Լեւոն Սաֆարյանը, Ավետիք Ջիլավյանը, որոնց նկատմամբ ընտրվեց խափանման միջոց չբացակայելու արգելքը, վարչական հսկողությունը: Ութի նկատմամբ ընտրվել էր տնային կալանք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ