«Գեղարդ». Պաշտոնական Բաքուն, որպես կանոն, չի ընդունում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում իր հասցեին հնչող քննադատություններն ու դրանք համարում է կողմնակալ։ Ավելին՝ տարբեր ամբիոններից հնչեցնում է, որ Ադրբեջանում ոչ ոք իր քաղաքական հայացքների համար չի հետապնդվում, հետևաբար՝ երկրում քաղբանտարկյալներ չկան։ Սակայն օրեր առաջ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց 2025»-ը, որում անդրադարձել է նաև Ադրբեջանին՝ զեկույցը բաժանելով 4 հատվածների՝ «Կառավարության քննադատների հետապնդում», «Խոսքի և ԶԼՄ-ների ազատություն», «Խոշտանգումներ և վատ վերաբերմունք», «Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն»։
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունը ներքին քննադատների դեմ ճնշումները խստացրել է անգամ նոյեմբերին, երբ հյուրընկալել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: «Համաժողովից մի քանի ամիս առաջ իշխանությունները ձերբակալեցին տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների՝ քաղաքական դրդապատճառներով: Նրանք շարունակեցին միջամտել խոսքի և հավաքների ազատության իրավունքներին․․․ Կալանավայրերում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը նույնպես շարունակվել են»,- ընդգծված է զեկույցում։
Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի փետրվարին և սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ըստ զեկույցի՝ դրանք չեն համապատասխանում ազատ և արդար ընտրությունների չափանիշներին․ «Միջազգային դիտորդները դրանք համարեցին «քննադատական ձայների խեղդմամբ և քաղաքական այլընտրանքների բացակայությամբ անցկացված» և «մրցակցությունից զուրկ»։
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ադրբեջանի ստանձնած պարտականություններին, որոնք վերաբերում են Արցախի հայերի վերադարձի իրավունքին․ «Չնայած իր ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն գործնական քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հեռացած էթնիկ հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքն ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքները վերականգնելու համար»։
Կարդացեք նաև
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) անցյալ տարվա հունվարին չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության մանդատը, քանի որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել իր հիմնական պարտավորությունները։
Անդրադառնալով նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին՝ կազմակերպության զեկույցում ասված է, որ 2024 թվականին իշխանությունները կեղծ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել վերջիններիս հասցեին՝ բռնաճնշումների և ձերբակալությունների նոր ալիք սկսելով։ Ավելին՝ 2024 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, սակայն քաղաքական դրդապատճառներով ազատազրկված որևէ անձի անուն ցուցակում չի ներառվել։
Սկսած 2023 թվականի նոյեմբերից՝ Բաքվի իշխանությունները թիրախավորել են առնվազն երեք անկախ մեդիա հարթակների՝ Abzas Media, Toplum TV և Kanal 13՝ ձերբակալելով նրանց լրագրողներին։
«2024 թվականի օգոստոսին իշխանությունները քրեական նոր մեղադրանքներ են ներկայացրել «Abzas Media»-ի լրագրողների դեմ՝ ներառյալ հարկերից խուսափելը, փաստաթղթերի կեղծումը և փողերի լվացումը․․․։ Մարտին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ոստիկանները ներխուժեցին «Թոփլում» հեռուստաընկերության գրասենյակ․․․»,- նշված է զեկույցում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նաև կալանավորների խոշտանգումներին՝ նշելով ոստիկանների դաժան վերաբերմունքը կալանավորվածների և դատապարտյալների նկատմամբ՝ ընդհուպ մինչև էլեկտրաշոկով ցուցմունք կորզելը, դաժան ծեծը։
Ըստ փաստաթղթի՝ ձերբակալությունների, բռնությունների ու խոշտանգումների են ենթարկվել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ, այլև՝ սեռական տարբեր կողմնորոշում ունեցողները։ Վերջիններս տարիներ շարունակ «Ադրբեջանում բախվել են պետական և ոչ պետական սուբյեկտների կողմից դաժան վերաբերմունքի, շորթման, կամայական կալանավորման և խտրականության․․։ Նրանք շարունակում են թիրախավորվել ոստիկանության կողմից»։
2025 թվականի տարեսկզբին ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը թեև անցած տարին որակել էր «․․․մեծ հաջողությունների տարի», այնուամենայնիվ ոչ իշխանամետ մամուլն առնչվում է ադրբեջանական իրականությանը՝ ընդգծելով երկրում տիրող բռնությունները, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, կեղծ մեղադրանքներով շինծու դատավարությունները։ Ադրբեջանին վերաբերող միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած զեկույցներն, այդ թվում՝ «Human Rights Watch» (HRW)-ի, կրկին փաստում են ալիևյան ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումներն ու ազատ խոսքի իրավունքից քաղաքացիների զրկված լինելը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ