Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինն է՝ հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը․ Ալեն Սիմոնյան

Հունվար 23,2025 17:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ

Մեծարգո՛ գործընկերներ,

Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն Լաուրի Հուսարին Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) շրջանակում Հայաստանում հանդիպում կազմակերպելու գաղափարն առաջ քաշելու համար: Միեւնույն ժամանակ, որպես ձեւաչափի համակարգող երկիր, երախտագիտությունս եմ հայտնում լատվիական կողմին՝ Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Դաիգա Միերինյայի գլխավորությամբ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները ստանձնելու համար մենք շատ շնորհակալ ենք բոլոր երկրներին եւ ուրախ եմ, որ մեզ, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն եւ գործընկերություն: Անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում համախոհ երկրներին եւ ժողովուրդներին:

Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում եւ այլուր  լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:

Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում եւ ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարեւորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին:

Մեծապես կարեւորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:

Չեմ կարող չանդրադառնալ Արեւելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր եւ խորը համագործակցություն:

Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանի տեսլականն արտահայտված է Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա:

Խաղաղ եւ ժողովրդավարական Հարավային Կովկասը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի, այլեւ ԵՄ-ի եւ ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը:

Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի:

Ամփոփելով ելույթս՝ կցանկանայի փաստել՝ խաղաղությունը եւ ժողովրդավարությունը կայուն զարգացման եւ բարեկեցության գրավականներն են:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031