Հունվարի 22-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը` Հայաստանում փոխդեսպան Դեյվիդ Ալենի և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ և թիրախային համագործակցությունը, որը վերջերս Վաշինգտոնում ձևակերպվեց արդեն որպես ռազմավարական գործընկերություն։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունն այդ փաստաթղթում ուրույն տեղ է զբաղեցնում։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, նշել որ այս այցը կնպաստի հետագա համագործակցությանը։
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին, ընդգծելով ներքին անվտանգության կարևորությունը, նշել է, որ 22 տարվա պատմություն ունեցող բազմաշերտ համագործակցությունը միտված է բացառապես Հայաստանի և Կանզասի քաղաքացիների շահերի սպասարկմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության հետ համագործակցությանը, հատկապես՝ աղետների ռիսկի կառավարման աշխատանքներում։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը բարեփոխումների շրջանակում կարևորել է կրթական բաղադրիչի ընդլայնումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։
Կողմերը քննարկել են նաև սեյսմիկ վտանգներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել աղետների ռիսկերի կառավարման ընդհանուր ցիկլին և դրանում ներգրավված դերակատարների հստակեցման հիմնախնդրին:
Քննարկվել են նաև Հայաստանում ստեղծվելիք միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի, հանրային հաղորդակցության և բնակչության իրազեկման մակարդակի բարձրացմանն ու ազդարարման համակարգերի արդիականացմանն ուղղված հարցեր։
Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Հայաստանի և Կանզասի նահանգի միջև ձևավորված բազմաշերտ համագործակցությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ