Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: Բուժսպասարկման որակի բարելավումն իր հերթին պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի (ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների և էլեկտրոնային առողջապահության) շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահովման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաև ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով:
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝ առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
Արձագանքելով որոշման ընդունմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է կոմունիկացնել հանրությանը, քանի որ թվայնացումն ինքնանպատակ չէ: Ըստ փոխվարչապետի, որքան շատ թվային տվյալներ լինեն մարդու առողջության վերաբերյալ, այնքան բուժհաստատությունների ծառայությունները կլինեն բարձր որակի, արագ և ավելի մատչելի: «Մեր գերնպատակը մարդու առողջությունն է, և եթե չթվայնացնենք, չենք կարողանալու լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել. և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումը»,-հավելել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ոլորտի թվայնացման հիմնական նպատակն այն է, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և թիրախային, և այդ իմաստով՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, առողջապահական ծառայություն մատուցողը պետք է թվային կապ ունենա ընդհանուր համակարգի հետ և տեղեկատվություն փոխանակի:
Կարդացեք նաև
Կարգավորվել են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները
Գործադիրը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը։
Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի՝ սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, բովանդակային մասի ապահովման կանոնակարգում, կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, 3 ոլորտների հավաստագրման տնօրենների հավակնորդների համար նախատեսել 1 միասնական գործընթաց, որում կարող է 1 հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ։
Նշված ուղղություններով առաջարկվող լրացումները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու կազմակերպական աշխատանքներն ու կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Տնօրենների հավաստագրման գործընթացով անցնող անձը հավասարապես կարող է տիրապետել բոլոր ոլորտների կառավարման և ընթացակարգային առանձնահատկություններին և ձեռք բերելով ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, կարող է մասնակցել համապատասխան մրցույթների և հաստատությունը ղեկավարել ավելի արհեստավարժ՝ նրբություններին տիրապետելով։ Միաժամանակ գործընթացը նախատեսում է հավաստագրման ժամանակ պահանջվող ռեսուրսների լուրջ խնայողություն և՛ ժամանակի և ՛մարդկային ռեսուրսների առումով։
Մհեր Գրիգորյանը թեմայի առնչությամբ նշել է, որ վերջնական նպատակն է ունենալ գույքի ֆինանսների կառավարման շատ ավելի արդյունավետ մոդել, որը կլինի ավելի քիչ ծախսատար և ավելի շատ արդյունք տվող. «Այդ իմաստով կարծում եմ համայնքների շահերից էլ է բխում, որ իրենց գույքի ֆինանսական միջոցներն արդյունավետ տնօրինվի և կառավարվի: Այդտեղ պետք է ստանդարտի բերենք վիճակը: Գործառնական, վարչատնտեսական պրոֆիլային մենեջմենթը լրիվ պետք է տարանջատել»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2023 թվականից արտադպրոցական կրթության ոլորտում ներդրված կամավոր ատեստավորման մեխանիզմին և նշել. «Առաջին անգամ իրականացրեցինք այս ոլորտում կամավոր ատեստավորման գործընթացը: Նախորդ տարի էապես ընդլայնել ենք շրջանակը: Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևի ներկայացուցիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո. այս ուղղության մարզիչները: Եվ արվեստի ոլորտում 8 ուղղություններով՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային նվագարաններ, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ: Եվ պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից: Պետք է հիշեցնեմ՝ 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ կախված իրենց արդյունքներից: Սա էլ լրացուցիչ քաղաքականություն է՝ ուղղված արտադպրոցական կրթության զարգացմանը, որովհետև ոլորտում մասնագետների ներգրավման խնդիրներ ունեինք: Նաև աջակցություն է համայնքներին, որովհետև այն պարագաներում, երբ համայնքային բյուջեն հնարավորություն չի տալիս վարձատրության համակարգը բարելավել՝ պետական ծրագրով կա հնարավորություն թե՛ մասնագիտական զարգացում ապահովել և թե՛ նաև վարձատրության խրախուսում ստանալ պետության կողմից: Ուրախ եմ, որ նաև արձագանքը գտնում է ծրագիրը, և հուսամ այս տարի ավելի մեծ մասնակցություն կունենանք»:
Սահմանվել են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները
Կառավարության որոշմամբ սահմանվել է զբոսաշրջային օպերատորի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման պահանջները, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։
Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։ Օրենսդրական վերոգրյալ փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով հաստատված սպառողների շահերի պաշտպանությանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։ Չնայած նրան, որ Օրենքով ներկայացված են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական հատկանիշները, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է սահմանել պահանջներ ու կանոններ, որոնք պարտադիր կլինեն և կապահովեն թե՛ ծառայությունների բարձր որակը, թե՛ հավասար մրցակցային դաշտի առկայությունը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը։ Հատկանշական է, որ ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա է մի իրավիճակ, որը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։ Բազմաթիվ սուբյեկտներ, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ։
Որոշման ընդունումը կնպաստի զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պատշաճ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի ապահովմանը։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ հավաստագրման ինստիտուտը նպաստավոր է նաև տնտեսվարողի համար, որովհետև հավաստագրում ունենալով՝ ավտոմատ շնորհվում է նաև որոշակի իմաստով վարկանիշ: Փոխվարչապետի խոսքով, կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ եթե տնտեսվարողը հավաստագրված է, ապա ռիսկերը զսպված են: «Ես կարծում եմ, որ ոչ թե կարգավորման հավելյալ վարչարարության ծախսեր ենք գեներացնում, այլ նաև բիզնես հնարավորություն ենք տալիս ոլորտին, բայց դրա դիմաց նաև պիտի վարկանիշի համակարգով անդրադարձ ունենա այն վիրտուալ կայքերին, որոնք բովանդակություն չունեն, որպեսզի մարդիկ ավելի զգուշավոր լինեն»,-նշել է Մհեր Գրիգորյանը:
Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը
Գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։
Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ օժանդակություն, որպեսզի կարողանա սկզբնական ժամանակաշրջանում դիրքավորվել արտահանման շուկաներում և ներկայացնել սեփական արտադրանքը։ Հարկ է նշել, որ օժանդակությունը տրամադրվելու է որոշ թիրախային ապրանքային խմբերին և կրելու է ժամանակավոր բնույթ։
Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար արդյունավետ և պարզ համակարգ ներդնելու նպատակով նախատեսվել է հիմք ընդունել արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում՝ օժանդակությունը տրամադրվելու է ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի ներմուծման համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ, ինչպես նաև հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվելու հակագնագցման համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափերը, եթե այդպիսիք կլինեն այդ ապրանքային խմբերի համար։
Որպես արտահանվող երկրներ ընտրված են Եվրոպական միության անդամ պետությունները և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, քանի որ այդ շուկաները հանդիսանում են բարձր ստանդարտներ պահանջող, և այդ շուկաներում ժամանակավոր օժանդակության տրամադրման պարագայում տեղական ընկերությունները կդիրքավորվեն՝ նաև իրենց արտադրանքը վերոնշյալ ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով դառնալով ավելի մրցունակ։
Որոշումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։ Հարկ է նշել, որ Եվրոպական միության անդամ երկրներ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն նախագծով սահմանվող ապրանքներ արտահանելու նպատակով՝ համաձայն կատարված գնահատականների՝ օժանդակության գումարը առավելագույնը կկազմի տարեկան մոտ 15 մլրդ դրամ։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշյալ օժանդակության դեպքում նախագծով սահմանված թիրախային ապրանքների մասով հաջորդ տարվա արտահանման ծավալները կաճեն մոտ 15%-ով (օժանդակության տարեկան կանխատեսվող գումարը հաշվարկելիս հաշվի է առնվել նաև ծավալների ակնկալվող աճը)։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ արտադրողները պիտի կենտրոնացնեն իրենց ջանքերը և ներդրումները որակի վրա, քանի որ համարժեք որակի պարագայում, հնարավոր է կիրառել բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով կխթանվի նաև ծավալային շարժը, լոգիստիկ լուծումները և այլն: Փոխվարչապետը նաև կարևորել է մոնիտորինգի իրականացումը՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքի է հանգեցրել որոշումը:
Հաստատվել է բյուջետային ծրագրերի գնահատման կարգը
Գործադիրի որոշմամբ հաստատվել է բյուջետային ծրագրերի գնահատման կարգը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ սահմանված՝ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից: Այդ նպատակով 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվար
Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հունվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Օրենսդրական նախաձեռնություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: 2024 թվականի հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30մ երկարությամբ և 1մ լայնությամբ հողազանգվածը, ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել էր, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը կլցվեն հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել է հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Որոշման ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը և արդյունավետ լուծմանը:
Ակադեմիական քաղաքի սխեմատիկ գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունները կիրականացնի ՋիԷմՓի ընկերությունը
Կառավարության որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությունից։
Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում ՋիԷմՓի-ի փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն մշակել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ որոշվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի-ին, որը նաև իր ծառայությունների մատուցման շրջանակներում համակարգելու է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության, տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ՋիԷմՓի-ից Ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերվել
Գործադիրի որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությունից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ