«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով իշխանության վարած քաղաքականության մասին՝ ասաց. «Սիրելի քաղաքացիներ: Հիմա ասեմ, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես քիչ առաջ կառավարության առջեւ մի կին ասաց, ժողովրդին սարքել են գազար ու «ծյոռկայով ծյոռկում են»: Սրանք հիմա սպանում են մանր ու միջին բիզնեսը:
Քանի որ Նիկոլի դուխը չի հերիքում ցանկացած ոլորտ մոնոպոլիայի ենթարկած օլիգարխներին, մոնոպոլիստներին բերել հարկման օրինական դաշտ, քերթում, բյուջեն լցնում է փոքր եւ միջին բիզնեսը սպանելով, շրջանառության հարկերը բարձրացնելով, մարդկանց ստիպելով, որ անգամ իր տանը պահած զարդը, որ 30 տարի առաջ գնել է իր երեխայի, թոռնիկի համար, հայտարարագրի, իսկ եթե ուզում է վաճառել, մի հատ էլ հարկ մուծի, տոկոս տա Նիկոլին:
Նիկոլը հայտարարում է, թե այս ամենը անում են կոռուպցիայի ծերը հայտնաբերելու համար: Տեղն ասեմ. կոռուպցիայի ծերը, կենտրոնը, ոտը, գլուխը փնտրեք իշխանության մեջ: Հակակոռուպցիոնին ասեք, թե ոնց է լինում, որ մինչեւ 2018 թվականը տրանսպորտ նստելու համար ուրիշից պարտքով 100 դրամ վերցնողները, 1000 դրամին կակա ասողները, վարկով ֆեն ու փոշեծծիչ վերցնողներն այսօր դղյակներ են առնում: Կոռուպցիա ես ուզո՞ւմ: Տեղն ասում ենք: Մի հատ պարզիր, էն որ իրենց թափանը, որն արդեն փոր չէ, վզերը երեսուն շերտով հաստացրել են, հարցրու՝ ինչպե՞ս: Հասարակ ժողովրդի մեջ կոռուպցիա չկա: Դուք դեմագոգիա եք անում ժողովրդին կենդանի, անասուն սարքելու համար, որպեսզի ժողովրդի միակ բնազդը լինի վախը: Դուք դա դիտավորյալ եք անում, որպեսզի մարդուն զրկեք արժանապատվությունից, որ մարդը մտածի. վայ, հանկարծ մի հատ ստատուս չգրեմ, որ չընկնեն հետեւիցս: Դուք ուզում եք մարդու զգացմունքներից, էմոցիաներից թողնել միայն անասնական վախը:
Կարդացեք նաև
Սուտը, որ Հ1-ի եթերից ՊԵԿ նախագահ էր, թե ով էր, ասաց, որ աշխարհի բոլոր երկրներում հարկման այդ համակարգը կա: Ուրեմն, ՄԱԿ-ի Ազգերի լիգայում գրանցված է 193 երկիր: Ես հիմա ցիտում եմ այս ոլորտով զբաղվող հայտնի տնտեսագետներին: 193 երկրներից 145-ում նման խայտառակ հարկման համակարգ չկա: Ես կրկնում եմ, սիրելի ժողովուրդ, այս ամենը արվում է երկու նպատակով. դուխը չի հերիքում օլիգարխներին հարկելու համար, որովհետեւ առաջիկայում արտահերթ կամ հերթական ընտրություններ են, իսկ այդ օլիգարխների հաստ կամ բարակ վզին ինքը դնելու է ձայներ ապահովելու առաքելությունը: Դրա համար ընկել է միջին եւ փոքր բիզնեսի ջանը:
Եվ երկրորդ պատճառը, թե ինչի է քերթում հասարակ ժողովրդին, ինչի է սպանում փոքր եւ միջին բիզնեսը: Որովհետեւ, ինչպես վկայում են տնտեսագետները, անգամ $ 13 միլիարդի արտաքին պետական պարտքով արդեն հնարավոր չի փակել բյուջեի հսկայական ճեղքվածքը: Եվ այն, որ ասում էր զինվորը չի մեզ պահողը, մինչեւ մեզ բոլորիս քերթելը, որ ասում էր հերոսը հարկատուն է, դրա համար էր ասում, որ ձեր գլխին «հերոս» գրած մի հատ գլխարկ դնի ու էնքան քերթի, որ ստիպված ձեր բիզնեսները փակեք ու փախնեք:
Բայց նրանց համար, ովքեր վերջին հույս տեսնում են փախնելը, վատ լուր ունեմ: Դա էլ չեք կարողանալու: Հիշում ե՞ք, որ մինչեւ պաշտոնը ստանձնելը Թրամփը հայտարարել էր, որ իր առաջին հրամանագրերից մեկը լինելու է անօրինական միգրանտներին հետ ուղարկել իրենց բնակության վայրեր: Եվ երդմնակալությունից ժամեր անց Թրամփը հայտարարեց, որ պրոցեսը սկսված է: Հանձնարարել է ոստիկանությանը եւ միգրացիոն ծառայություններին փակել Մեքսիկայով ճանապարհները: Հեգնանքով չեմ ասում: Սիրելի հայրենակիցներ, որ վաճառել եք ձեր տունը եւ $ 30-40 հազարը տվել Մեքսիկայով տանող «պրավադնիկներին», չեք կարողանալու անցնել Միացյալ Նահանգներ:
Շատերը մտածում են՝ կգնան Պսկով, Նիժնի Տագիլ, Ռուսաստան: Ցավում եմ: Հաշվի առնելով հայ-ռուսական խայտառակ վատթարացող հարաբերությունները, այնտեղ գտնվող մոտ 1,5 միլիոն հայ միգրանտներից մոտ 80 հազարը արդեն իրենց գործատուներից տեղեկանք են ստացել, որ պայմանագիրը լրանալուց հետո նորը չեն կնքելու:
Եթե կա մի սեգմենտ, որ կերել է Նիկոլ Փաշինյանի հեսա ԵՄ անդամ ենք դառնալու կուտը, ասել եմ, որ գրազ եմ գալիս ցանկացածի հետ. առաջիկա 100 տարում Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ: Բայց եթե մտածում եք, որ կգնաք ԵՄ երկրներ, չեք գնա, որովհետեւ ցանկացածը, ով շփվել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանատների հետ վիզա ստանալու համար, գիտի, որ ավելի շուտ կարող է դիմել Իլոն Մասկին Մարսի տոմս ձեռք բերելու համար, քան կկարողանա ԵՄ որեւէ երկրի վիզա ստանալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ