Եվրոպական տարբեր երկրներից ՀՀ ժամանած պատվիրակություններին ՀՀԿ անդամներն այսօր կոչ էին անում զգոն լինել ու բացել աչքերը, խոսել ալիեւյան ահաբեկչական վարչակարգի քայլերի, հայ ռազմագերիների վերադարձի մասին:
Այսօր մի խումբ ՀՀԿ երիտասարդներ բողոքի ցույց էին անում՝ մինչ ընթանում էր եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով քննարկումը:
«21-րդ դարում ոտնահարվում են մարդու իրավունքները եւ խրախուսվում են տեռորիստական գործողություններ: Մենք կոչ ենք անում, որ վերջ տրվի երկակի ստանդարտներին, վերականգնվեն մարդու իրավունքներն այս երկրում ու բոլոր հասարակություններում: ԵՄ բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն այսօր անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի եւ անմարդկային ձեւով Բաքվում պահվող խնդիրների մասին»,- հայտարարվեց բողոքի ցույցի ժամանակ:
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ ցուցարարները դիմեցին նաեւ նրան. «Մի՛ վախեցեք ասել Արցախ բառը, խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին: Այստեղ ենք ասելու, որ չենք լռելու ու կոչ ենք անում, որ դուք էլ չլռեք»:
Կարդացեք նաև
Ցուցարարները նաեւ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ժողովրդի ձայնը եւ դիմելով եվրոպական երկրների ներկայացուցիչներին՝ ասում էին. «Ալիեւի տեռորիստական գործողություններին պետք է վերջ դրվի, ձեր կողմից պետք է քննադատության ու պատժամիջոցների ենթարկվեն: Ա-զա-տութ-յուն»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ անգլերենով ուղերձ ուղղեց ՀՀ ժամանած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի գործողությունների եւ Բաքվում պահվող գերիների խնդրի վրա.
«ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում հայ գերիների վերադարձի համար, ընդդիմությունն ու քաղհասարակությունը ստիպված է անել այն, ինչ պետք է աներ կառավարությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ