ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հունվարի 23-ին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գենդերային հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշին եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիայի վավերացման գործընթացին, «Հակախտրականության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին, դրանց հետ կապված օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիայի եւ «Հակախտրականության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանն ընդառաջ որոշ օրենսդրական փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, սակայն դեռեւս անելիքներ կան այդ ուղղությամբ:
Հյուրերի տեղեկացմամբ «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին՝ ԱՄԿ 100-ամյակի շրջանակում, եւ այն արդեն վավերացրել է 45 երկիր: Տարածաշրջանում առայժմ վավերացրել է Ղրղզստանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են աշխատավայրում բռնությանն ու ոտնձգություններին, գենդերային հավասարությանը, կանանց եւ տղամարդկանց անհավասար վարձատրությանը, ոչ ֆորմալ, մասնավորապես՝ երեխաների, տարեցների եւ հաշմանդամների խնամքի տնային աշխատանք իրականացնող, ինչպես նաեւ գյուղական աշխատանքներում ներգրավված, չգրանցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը եւ այլ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ԱՄԿ գենդերային հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշը հանձնաժողովի նախագահին ներկայացրել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքները եւ ծրագրերը, անդրադարձել կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին: Նշվել է, որ դրանք կազմակերպվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ մի շարք նախարարությունների աշխատակիցների կարողությունների հզորացման համար:
ԱԺ