Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ի օրերը տեղափոխե՞նք, հարգելիներս, քանի որ դատարանն ասում է՝ ես նշանակված դատական նի՞ստ ունեմ». Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ նախագահող դատավորին

Հունվար 23,2025 15:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ասում ենք՝ պարոն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գոյություն չունի, բայց ուզում ենք նաև հասկանալ՝ Ձեր բորբոքվելն ի՞նչ է նշանակում»,-Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյան) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Դատարանին միջնորդություն ներկայացվեց Արմեն Գևորգյանին թույլատրել հատել ՀՀ սահմանը արտերկրում գործուղումների մասնակցելու համար։ Փաստաբանը շեշտեց․ «Խոսքը Արմեն Գևորգյանի միջազգային պարտավորությունների, անձեռնմխելիության ունեցող անձի մասին է։ Ի՞նչ խափանման միջոցի մասին ենք խոսում։ Երբ ասում եք՝ կա խափանման միջոց ընտրված, խնդրում եմ գործն ուշադիր նայեք։ Պարոն Գևորգյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց։ Դուք ասում եք՝ Ձեր՝ մեղադրյալի կարգավիճակը նկատի ունենալով․․․ ասենք ԵԽԽՎ-ի օրերը տեղափոխե՞նք, հարգելիներս, քանի որ դատարանն ասում է՝ ես նշանակված դատական նի՞ստ ունեմ։ Ի՞նչն է Ձեր բորբոքվելու առիթը, ես չեմ կարողանում հասկանալ։ Արդյոք օբյեկտիվ պատճառ չե՞ն այս նույն գործուղումները և միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները»։

Դատավորն արձագանքեց․ «Եթե ես Արմեն Գևորգյանին ասում եմ՝ ովքեր Ձեզ գործուղում են, իրենց հայտնեք, որ Դուք ունեք Հակակոռուպցիոն դատարանում մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դա իմ դիրքորոշումն է և բոլոր դեպքերում պնդում եմ»։

Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց․ «Եթե մենք հարգանքից ենք խոսում, ապա ինստիտուտների նկատմամբ հարգանք դրսևորեք։ Դեռ իմ նկատմամբ դատավճիռ չի եղել, չգիտեմ էլ ինձ երրորդ անգամ ինչում են մեղադրում։ Ես ամենից զատ՝ ԱԺ պատգամավոր եմ, ներկայացնում եմ ՀՀ ներկայացուցչական ինստիտուտը, որը հանդիսանում է բոլոր մնացած իշխանությունների ծագման աղբյուրը։ Երբ ասում եք՝ հայտնեք նրանց՝ ովքեր Ձեզ ուղարկում են գործուղման, էդ գործուղումն ինձ ուղարկում է նախ ԱԺ-ն, որ ես կարողանամ սահմանադրական իմ լիազորությունները կատարել։ Դատախազներն արդեն երրորդ անգամ կարդում են մեղադրանքը և սկսում են «եվրոպական կառույցները համարել են» արտահայտությամբ։ Ինչո՞ւ են դա անում, երևի կարևորում են այդ կառույցների կարծիքները։ Բայց էդ միջազգային կառույցներում ներկայացուցիչն եմ ես հանդիսանում և կատարում եմ ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունները»։

Ի վերջո, նախագահող դատավորը որոշել թույլատրել Արմեն Գևորգյանին, որ հունվարի 26-փետրվարի 9-ը, փետրվարի 13-16-ը հատի ՀՀ սահմանը և մեկնի արտերկիր գործուղման։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031