Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 23,2025 15:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Վստահ եմ, որ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից, կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցվածություն ունեն ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու իմ համոզմամբ՝ ամենակարևոր հատվածը, թեև կարդում եմ ու դիտում եմ գրեթե ամբողջը։

Կան նաև փորձագետներ, պատգամավորներ, տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց խոսքը ինձ համար հավասարազոր է բաց հետախուզական աղբյուրից ստացված տվյալի կամ այլ կերպ ասած՝ իրենք ասում են այն, ինչ մտադիր է անել Ալիևն առաջիկայում։ Սովորաբար այդ ամենը տարածվում է իրենց լեզվով, ոչ ռուսերեն կամ անգլերեն։ Ինչո՞ւ եմ այսքանը գրում, քանի որ վերջին օրերին անհանգստացնող լրատվական հոսքերի ականատես եմ լինում։

Այսպես, Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը երկու օր առաջ իր հարցազրույցում ասել էր․ «Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված ակտիվ ուժի գործոնի կիրառման մասին դժվար է որևէ բան ասել։ Թեև պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ ուժի կիրառմամբ, սակայն Երևանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Նման դեպքում Ադրբեջանն այլ ելք չի ունենա։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը տանկեր կտեղակայի կամ զորք կուղարկի Զանգեզուրի շրջան։ Բաքուն Երեւանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Ուստի հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն այլևս սպասողական դիրքերում չի մնա․․․»։

Սա այն փորձագետն է, որը 2023 թվականի օգոստոսի իր հարցազրույցում ասել էր․ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։

Իմ կարծիքով, երբ համադրում ես տարբեր լրատվական աղբյուրներ, ապա ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր, բայց որոշ գործոններ դեռևս խանգարում են գնալ նման քայլի, այստեղ արդեն կարևոր է դրա շուրջ կոնսենսուսներ թույլ չտալը, դա կանխող աշխատանք տանելը՝ բոլոր ճակատներով՝ տեղեկատվականից մինչև քաղաքական ու ռազմական։ Ադրբեջանի համար հեշտ չի այդ ուղղությամբ գործողության գնալը տարբեր խաղացողների շահերի բախման արդյունքում, դրա համար պետք է խելացի աշխատել ու խափանել ռազմական սցենարի հնարավորությունը Սյունիքի ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031